Պաշտպանության նախարարությունը երեկ կազմակերպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հայաստանի Զինված ուժերի պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին, փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը, ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին, հիշեցնենք, Սև լճին մերձակա տարածք են այցելել նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ 11 երկրների դեսպաններ։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։