Մատչելիության հղումներ

Հրադադարի հայտարարությանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քրգործով 54 մեղադրյալ կա


Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քրեական գործով կա 54 մեղադրյալ՝ այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Հրադադարի մասին հայտարարությունից հետո զանգվածային անկարգություններ սկսվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերում, պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում։

Ինչպես նշված է քննվող քրեական գործում, զանգվածային անկարգությունները ուղեկցվել են նաև այլ հանցավոր դրսևորումներով՝ գործադրվել է բռնություն, իրականացվել է ջարդ, ոչնչացվել ու վնասվել է գույք, հափշտակվել է գույք ու կարևոր փաստաթղթեր: Քննության առարկա է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը։

Անկարգությունների ժամանակ մասնակիցները հնչեցրել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

«Վերջին տվյալներով՝ մեր կողմից տեղեկատվությունը հրապարակելու դրությամբ, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը եղել է 31-ը, ևս մի քանի գործերի վարույթներ այս ընդհանուր գործից առանձնացվել են և 7 քրեկան գործով ավարտվել է նախաքննությունը, դատարան 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններ և քրեական գործեր են ուղարվել, այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ մենք արդեն ունենք մեղադրական դատավճիռ։ Կալանքի տակ այս պահին գտնվում է 3 անձ, որոնցից 2-ը, եթե չեմ սխալվում, այն անձինք են, որոնց մեղադրանքներ են առաջադրվել Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություններ կատարելու հանցավոր արարքների կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գառ Աբրահամյանը։

9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը:

«Տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել, ինչպես նաև հետագայում սրան միացվել է ևս 2 քրեական գործ, որոնք հարուցվել են ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու կապակցությամբ, նաև էդ շրջանակներում քրեական գործ կա հարուցված օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ», - փոխանցեց Հակոբյանը։

Նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում կատարվել և կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, կատարվել է շուրջ 200 զննություն, 40-ից ավելի առգրավում, բնակարանի շուրջ 70 խուզարկություն, ներկայումս ևս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ, հայտնում են դատախազությունից։

XS
SM
MD
LG