Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են նախորդ օրերին տեղի ունեցած բռնությունները


Ցուցարարներն Ազգային ժողովի շենքում, 10-ը նոյեմբերի, 2020
Ցուցարարներն Ազգային ժողովի շենքում, 10-ը նոյեմբերի, 2020

Մոտ երկու տասնյակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով նախորդ օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը։

Նշելով, որ չեն սատարում որևէ քաղաքական ուժի՝ ՔՀԿ ներկայացուցիչները կոչ են անում զերծ մնալ որոշ շրջանակների խաբեության ծուղակն ընկնելուց և պահանջները ներկայացնել ոչ բռնի և օրինական ճանապարհով։

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը», - նշում են ներկայացուցիչները՝ շարունակելով․ - «Որևէ իրավիճակում արդարացված չէ բռնության կիրառումը և ռազմական դրության պայմաններում քաղաքական ճգնաժամի հրահրումը։ Արդեն իսկ տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելը, Կառավարության և Ազգային Ժողովի շենքերում վայրագությունների իրականացումը, կառավարական առանձնատան, Ազատություն ռադիոկայանի և ԲՀՀ-Հայաստանի գրասենյակների վրա հարձակումները, հավաքների ժամանակ բռնության կոչեր հնչեցնելը խորապես մերժելի և դատապարտելի է»։

Շուրջ 20 մարդ է ձերբակալվել օրերս ռազմական դրության պայմաններում կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով զանգվածային անկարգությունների համար:

Նշենք, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված ավելի քան 40 օր ձգված պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո մի խումբ անձինք նաև ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Նույն գիշերը` ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել էին ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։

Նույն օրը 17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ անցկացնելու մասին։

ՔՀԿ- ներկայացուցիչների համոզմամբ, որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։

«Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել , թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։ Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդhուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG