Մատչելիության հղումներ

Սպասվող ընտրություններն աննախադեպ են. պայքարի հարթակում են անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները


Սպասվող արտահերթն աննախադեպ է։ Ընտրապայքարի մեջ են մտնում անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։

«Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի», - հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այս առաքելությամբ է Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու սպասվող ընտրություններին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Կոնգրեսի 76-ամյա առաջնորդի նպատական է կանխել Փաշինյանի վերարտադրությունը, բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը. «Աշխարհը չի հասկանալու, թե ինչպես է հայ ժողովուրդը ղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը»:

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար», - հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը իշխանության հայտ է ներկայացնում նախագահի պաշտոնից հեռանալուց 13 տարի անց, «Հայաստան» դաշինքով։ Առաջնորդում է Հայ հեղափոխական դաշնակցության և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Պայքարի սիմվոլը Սյունիքն է, կարգախոսը՝ «դեպի ուժեղ Հայաստան»։

«Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն, դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն», - նշել է Քոչարյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն ու Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով. «Անցյալին վերադարձ չի լինելու»:

Դաշինքն առաջնորդում է Փաշինյանի երբեմնի հեղափոխական թիմակից Արթուր Վանեցյանը։ Ցուցակում երկրորդն է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ցուցակի առաջին տասնյակում նոր դեմքեր են։ Երեք տարի առաջ ժողովրդական ճնշմամբ իշխանությունից հեռացած Սարգսյանն առայժմ ղեկավար պաշտոնի վերադառնալու մտադրություն չունի։

«Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Արագած գյուղում էր, ասում էին, որ հիմա նենց իրավիճակ ա, ժողովրդի մեջից էին ասում, որ գելերը ուզում են նորից գան իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրանք գել են, մենք էլ գելխեղդ ենք», - իր իսկ հռչակած գայլերի դեմ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը պայքարելու է առանց դաշնակիցների։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին՝ Փաշինյանի առաջնորդությամբ։

«Հայաստանում ապագա կա», - սա Փաշինյանի նախընտրական կարգախոսն է։ Հեղափոխական կառավարության առաջնորդն իր կառավարման երրորդ տարում հայաստանցիներին պարզապես վստահեցնում է, որ ապագա կա։ Թե Փաշինյանը ի՞նչ թեկնածուներով է խոստանում ապագան, դեռ հայտնի չէ, ցուցակը չի հրապարակվել։

Խորհրդարանում երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» իշխանության է ձգտում դարձյալ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։

«Բարգավաճը» միայնակ է մասնակցելու, նախընտրական ցուցակն էլ առաջվանը չէ։ Առաջատար հորիզոնականներում նոր դեմքեր են։ Առաջին եռյակում են Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։ Ծառուկյանի խոստումներն էլ չեն փոխվել։ Հենց վարչապետ դառնա վարկերն ու պարտքերն է թեթևացնելու։

«Եթե մենք ուզում ենք մեր ժողովրդի մատից փուշ հանենք, էս վիճակից դուրս գան, առաջնայինը պետք է..., ունենք 650 հազար ընտանիք և ունենք 2 միլիոն 187 հազար վարկառու, այսինքն ամեն տնից 3-4 հոգի վարկի տակ են», - նշել է Ծառուկյանը:

«Լուսավոր Հայաստանը» ընտրողներին դարձյալ երրորդ ճանապարհ է առաջարկում։ «Լուսավոր»-ները նախկինից ու ներկայից դժգոհ ընտրազանգվածի այլընտրանքն են իրենց համարում։ Որևէ ուժի հետ դաշինք չեն ձևավորել։ Վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ «Լուսավորը» բացառում է, որ հետընտրական փուլում Փաշինյանի հետ կոալիցիան. «Չեն կարող երկրի ղեկավարումը ստանձնել այն մարդիկ, ովքեր կա՛մ մերժվել են հեղափոխությամբ, կա՛մ տապալել են հեղափոխությունը»:

Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը մեկ տասնյակից ավելի են։ դրանց թվում են «Քաղաքացու որոշումը», նորաստեղծ «Արդար Հայաստանը», «Ինքնիշխան Հայաստանը»։ «Ազգային ժողովրդավարական բևեռը» Արցախյան առաջին պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ է պայքարելու։

Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կլինի, երբ պաշտոնապես գրանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Վերջնաժամկետը մայիսի 26-ն է։ Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին։ Անգամ սահմանային պայթյունավտանգ լարվածությունը չի փոխել նախընտրական պայքարի հունը։ Կուսակցական գրասենյակներում եռուզեռ է, ակտիվորեն ձևավորվում են շտաբները։

XS
SM
MD
LG