Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերն սկսել են նախընտրական շտաբների ձևավորումը


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերն արդեն սկսել են ձևավորել նախընտրական շտաբեր։ Օրենքի պահանջն է՝ դրանք կարող են կազմավորվել միայն ընտրությունների նշանակումից հետո։

Նախագահի հրամանագրով պաշտոնապես հաստատվեց, որ արտահերթը հունիսի 20-ին է տեղի ունենալու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շտաբում նոր-նոր են սկսել աշխատանքերը, նորոգում-կահավորումն արդեն ավարտում են, նախընտրական քարոզարշավի պատրաստության մեջ են։

«Նոր-նոր կազմավորվում ենք, բայց բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակները միանշանակ նախընտրական շտաբ են դառնալու։ Նույնը՝ բոլոր մարզերում, մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում Հայաստանի, մեծ համայնքներում», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Իշխող ուժն այս ընտրություններին առանց դաշինք կմասնակցի. ՔՊ նախըտրական շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի աշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Շտաբի մյուս անդամներն են Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանն ու գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով, ձևավորման փուլում է նաև իշխող ուժի ցուցակը։ Առայժմ հայտնի է միայն, որ այն գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։ Կլինեն նոր անուներ․ - «Երբ որ ցուցակը արդեն լինի, կամ գործընթացը ավարտված լինի, դրա մասին համապատասխան հայտարարություն կլինի։ Կարծում եմ, հիմա դեռ վաղ է»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթին «Կա՛ ապագա, ապագա կա՛» կարգախոսով է մասնակցում։

Դեռ հայտնի չէ, թե իր մեծությամբ խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ինչ կարգախոսով կմասնակցի ընտրություններին։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ նախընտրական շտաբի ձևավորման, դրա ղեկավարի ու այլ մանրամասների մասին իրենք առաջիկա օրերին կտեղեկացնեն․ - Ձեր նշած բոլոր հարցերի շուրջ շատ ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ այդ աշխատանքները կլինեն ավարտված, մենք արդեն պաշտոնական հայտարարություններով և պաշտոնական լրահոսի միջոցով կտեղեկացնենք հանրությանը»։

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Թե ովքեր կզբաղեցնեն երկրորդ, երրորդ տեղերը, ընդդիմադիր ուժից դեռ չեն շտապում հայտնել, միայն ասում են՝ նոր անուններ կլինեն ցուցակում։

Նոր անուներ կլինեն նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում», բանակցություններ են ընթանում, ասում է կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։ ԼՀԿ-ի ցուցակն էլ է ձևավորման փուլում։ Կուսակցության նախընտրական շտաբը հենց Խաժակյանն է ղեկավարելու։

«Ցուցակում ընդհանուր առմամբ ներկայացվածությունը մարդկանց պարզ է, բայց հաջորդականությունը կլինի առաջիկա օրերի ընթացքում։ Մենք մինչև ամսի 26-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, ունենք ժամանակ դրանք կազմավորելու», - ասաց Խաժակյանը։

Թե ինչ կարգախոսով կգնա ԼՀԿ-ն այս ընտրություններին, Դավիթ Խաժակյանի խոսքով, կհանրայանցնեն մայիսի 15-ի համագումարին։ Նախընտրական ծրագիրն էլ դեռ մշակման ընթացքում է, բայց Խաժակյանի խոսքով՝ դրանում շեշտը անվտանգության վրա է դրվելու։ Բայցև չեն անտեսվելու հասարակությանը հուզող մյուս հարցերը․ - «Ստեղծված իրավիճակում մենք հասկանում ենք, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք, և այստեղ «Լուսավոր Հայաստանը» ունի իր առաջարկը, որը հնչել է։ Դա նոր ռազմական միավորում ստեղծելն է Սյունիքում, որը կերաշխավորի Սյունիքի անվտանգությունը։ Մենք դրա մասին խոսել ենք և այսօր էլ տեսնում ենք, որ դա բավականին ակտուալ է»։

Թե ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը, ինչ ծրագրով են մասնակցելու ընտրություններին ու ինչ ցուցակով, դաշինքի մաս կազմող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից դեռ չեն շտապում հայտնել։ Հայտնի է միայն, որ դաշինքի ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հայ հեղափոխական դաշնակցություն ու նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող «Հայաստան» դաշինքի ընտրական շտաբը գլխավորելու է Քոչարյանի ղեկավարման օրոք բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի 25 օրից՝ հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։ Մինչ այդ Երևանի տարբեր հատվածներում արդեն իսկ քարոզչական պաստառներ են հայտնվել։

XS
SM
MD
LG