Հուշագիրը ստորագրված է, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ կազմավորված։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական և Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները միավորող դաշինքի հուշագրում ասվում է. «Մենք ընդունել ենք մեր սխալները, մեր գործունեության մեջ եղել են թերացումներ ու սխալներ։ Քաղաքականության մեջ սխալների գինը իշխանության կորուստն է, մենք այդ գինը վճարել ենք և քաղել ենք դասերը։ Գալիս ենք ահազանգելու մտահոգությունների մասին՝ ուղիղ ու շիտակ խոսելու կառավարության սնանկ ռազմավարության ու գործելաոճի մասին»։
«Հայաստանի գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում մենք այսօր կարողանանք գրագետ կանխել վերահաս նոր վտանգը և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա, իսկ դա հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների», - հայտարարեց Սարգսյանը:
Վերադարձ անցյալին չի լինելու՝ ընդգծեց 2018-ին ժողովրդական ճնշմամբ հրաժարական տված Սերժ Սարգսյանն իր ելույթում, իսկ պետության կործանման ընթացքին կողքից նայել չէին ուզում. «Մենք հեռացնելու ենք և պատիվ ենք պահանջելու մեր պետությունը հեղինակազրկած, թշնամու առջև ծնկած և նվաստացած կապիտուլյանտներից և կասեցնելու ենք պետության անկումը»:
«Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտության հեղինակը Արթուր Վանեցյանն էր, որը դեռ մեկ տարի առաջ հայտարարում էր, թե անհրաժեշտ է ստեղծել քաղաքական մի ուժ, որը կփորձի համախմբել գործող ու նախկին իշխանություններից դժգոհ հասարակության հատվածին։ Ի՞նչ փոխվեց մեկ տարի անց, որ միավորեց ԱԱԾ նախկին տնօրենին ու նախկին իշխանական ՀՀԿ-ին։ Ի դեպ, հենց Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ թվում` Հանրապետականի առաջնորդի մտերիմների նկատմամբ։
Սերժ Սարգսյանն այսօր այդ հարցին էլ անդրադարձավ. «Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին, ավաղ, նրան չլսեցին»:
Դաշինքի 41-ամյա առաջնորդ Արթուր Վանեցյանը, որը հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում 1,5 տարի զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր ելույթում ընդգծեց՝ բոլորի սխալների ու բացթողումների հետևանքով իշխանության է եկել մի ուժ, որ կործանել է ամեն ինչ։
«Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ, այդ սպառնալիքը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հնարավորություններն ու կարողությունները», - ասաց Վանեցյանը:
Համախմբան անհրաժեշտության մասին է խոսում նաև Սերժ Սարգսյանը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեկ կամ երկու քաղաքական ուժերի միավորումը բավարար չէ, պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը՝ ընդգծեց նա։
«Այսօր մեր ժողովրդի մի զգալի հատված Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, իսկ մի մասն էլ իրականության ընկալումը ամբողջովին կորցրած անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով: Կառավարման ընդամենը երեք տարում իրենց քայլերով ահա այս հոգեվիճակին և տրամադրություններին հանգեցրին ապաշնորհ իշխանությունները, որից մարդկանց դուրս բերելը հսկայական ջանքեր է պահանջելու», - նշեց Սարգսյանը:
Համախմբման մասին խոսող Հայաստանի պաշտոնաթող նախագահը, սակայն, բոլորովին վերջերս մերժել էր առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթին դաշինքով մասնակցելու առաջարկը։ Իշխանությունների վերարտադրությունը կանխելու համար Հայաստանի առաջին նախագահը առաջարկել էր երկրորդ և երրորդ նախագահներին առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցել։ Առաջարկը նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մերժել, նշելով, որ ընտրել են արտահերթին մասնակցելու այլ ձևաչափ։
Թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկա և չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը, այս հարցին պաշտոնաթող նախագահը անդրադարձավ լրագրողների հետ զրույցում. «Նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իսկ ինչո՞ւ, շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»: