Ուժ կիրառելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը քննարկվել է Ռուսաստանի հետ։ Այսօր «Ազատության» տաղավարում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հայաստանյան խորհրդարանական պատվիրակության կազմում Մարուքյանը երեկ է վերադարձել Մոսկվայից, ուր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած հայաստանցի խորհրդարանականներին ընդունել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Էդմոն Մարուքյան․ - Ես ասում եմ՝ Գլխավոր շտաբը անելիքներ է ունեցել, չի արել։ Ես ասում եմ՝ ՊՆ-ն անելիքներ է ունեցել, չի արել։ Բայց այնուամենայնիվ, փոստ ֆակտում ինչը որ գոնե արվել է արդեն քաղաքական ուղղություններով՝ ՀԱՊԿ-ին դիմել, Ռուսաստանին դիմել, դրանք բոլորը ճիշտ են արվել։ Հիմա տեղի են ունենում բանակցություններ։ Մենք դժգոհ ենք բանակցություններից, որովհետև թուրք-ադրբեջանական զորքը դուրս չի գալիս այդտեղից։ Մեր ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ եթե ողջամիտ ժամկետներում ետ չքաշվեն ելման դիրքեր, մենք ուժ ենք կիրառելու։ Վերջապես կա նման հայտարարություն։ Բայց եկեք դրանից հետոն էլ նայենք։ Մենք ուժ կիրառելու համար ներուժ ունե՞նք։ Էդ ուժ կիրառելու հայտարարությունը որ արվել է, օրինակ, ՀԱ՞ՊԿ կողմից աջակցությամբ է արվել, ռուսակա՞ն կողմից աջակցությամբ է արվել։ Ես ենթադրում եմ, որ դա քննարկված հայտարարություն է, միակողմանի հայտարարություն չէ։ Եվ դա նշանակում է, որ որոշակի սիգնալներ կան։ Որովհետև մեր ՊՆ-ն կարող էր այդ հայտարարությունն անել առաջին օրը, կամ կարող էր առաջին օրը, երբ որ հայտնաբերել են, այդ ուժը կիրառել։ Բայց չեն արել, որ բանակցեն, չեն արել, որ տեսնեն դաշնակիցներն աջակցո՞ւմ են, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ սիգնալներ կան, որովհետև այդ սիգնալը նաև մենք լսեցինք Դումայի նախագահի շուրթերից, որ՝ ժողովուրդ, ձեր սահմանները պետք է անխախտ լինեն, պետք է դուրս գան միանշանակ, ռազմագերիները հարցը բարձրաձայնել եք, ռազմագերիները պետք է դուրս գան։
«Ազատություն»․ - Դուք եք լսել Դումայի նախագահի այդ խոսքերը, բայց ո՛չ հայաստանյան հանրությունը, ո՛չ Ադրբեջանը, որին պետք է նախ և առաջ ուղղված լինեն այդ խոսքերը, չեն լսել։
Մարուքյան․ - Բայց մենք հիմա Հայաստանի հանրությանը իրազեկում ենք։ Դրան գումարած, որքանով որ գիտեմ, հայտարարություն կա։
«Ազատություն»․ - Փաշինյանի խոսքով, Ֆրանսիայի նախագահը նաև ռազմական աջակցություն է խոստացել Հայաստանին, եթե իրավիճակը չկարգավորվի։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է օգտվի այդ հնարավորությունից։
Մարուքյան․ - Եթե անկեղծ ենք խոսում, պետք է արձանագրենք հետևյալ բանը․ հայտարարությունների մակարդակում ես միանշանակ ողջունում եմ, բայց իրականում մենք դա երբեք չենք տեսել։ Հենց ֆրանսիական զինվորները, Լեգիոնի տարբեր ներկայացուցիչները ինքնաթիռներով կժամանեն Հայաստան, կարձանագրենք, որ այդ աջակցությունը կա։ Որովհետև նմանատիպ հայտարարություններ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ենք լսել։
Ութերորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի դիրքավորվել, սակայն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները միայն երեկ երեկոյան են սկսել քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Մինչդեռ Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած դաշնագիրն ու ՀԱՊԿ հիմնադիր պայամանագիրը անհապաղ խորհրդատվություներ և ռազմական աջակցություն են նախատեսում նման պարագայում։
Փորձում են պոկել Սյունիքը. Մարուքյան
Մարուքյանի խոսքով, այս կերպ ճնշում գործադրելով Հայաստանի նկատմամբ փորձում են «պոկել Սյունիքը»։
Մարուքյան․ - Գլխավոր շտաբի պետը քաղաքական հայտարարություններին էր արձագանքում, օրինակ՝ իմ, հաթաթա տալիս, բան, մինչդեռ իր գործը, պարզվում է, չի արել։ Բնականաբար կխոսենք այդ պատասխանատուների մասին։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ թշնամին նորից սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմաններից ներս է անցել, և պետք է կարողանանք լուծում գտնել, այդ լուծումներով միասնական դիմակայել թշնամուն։ Որովհետև ինձ համար սա խաղաղ պատերազմ է․․․ Կրակելով չեն մտել, խաղաղ են մտել։ Մեր սահմանապահ ուժերը կամ զինված ուժերը այնտեղ չեն եղել, պոստ ֆակտում արձանագրվել է, հիմա բանակցում ենք, որ դուրս գան, իրենք էլ դուրս չեն գալիս։
«Ազատություն»․ - Բայց նախորդ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը նույնպես ներքաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում, և փաստորեն ստացվում է, որ իր աշխատանքն անելու փոխարեն զբաղվում էր քաղաքականությամբ։ Եթե ձեր ասածի տրամաբանությամբ շարժվենք։
Մարուքյան․ - Նա պնդում էր, թե իրեն խանգարում են աշխատել։ Տարբերությունը դրա մեջ էր։ Բայց այնպես չէ, որ ես ասում եմ, թե Օնիկ Գասպարյանը սուրբ է․․․ Զինված ուժերը պետք է զբաղվեն իրենց գործով։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․