Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը


Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։

Պաշտոնական Երևանը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։ Միաժամանակ, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Հայաստանի տարածքները լքելու պահանջով։

XS
SM
MD
LG