Մատչելիության հղումներ

Բաքուն հայտնում է հայ ռազմագերիների դեմ քրգործերի ավարտի մասին` առանց մեղադրանքները հստակեցնելու


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պաշտոնական Բաքուն հայտնում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դեմ քրեական գործերի ավարտի մասին։ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից ավելի քան վեց տասնյակ հայ պահեստազորայինների գերեվարումից շուրջ հինգ ամիս անց Ադրբեջանի իրավապահները, սակայն, չեն հստակեցնում նրանց առաջադրված մեղադրանքները՝ պնդելով միայն, որ «նրանք ահաբեկիչներ են, այլ ոչ թե ռազմագերիներ»։

Գերեվարված պահեստազորայիններից մի քանի հոգու Ադրբեջանի իշխանությունները անցած օրերին Հայաստան են վերադարձրել` պարզաբանելով, թե իբր հետաքննության ընթացքում նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին, որի ընթացքում ադրբեջանցի զինվորներ են զոհվել կամ վիրավորվել, չի հաստատվել։ Մնացած բոլորի նկատմամբ յուրաքանչյուրի դեպքում առանձին հստակ քրեական գործ է հարուցված, նախօրեին այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը` առանց մանրամասներ հայտնելու։

«Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու դեմ քրեական գործն արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան և քննվելու է միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Մյուս ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը «պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց»: Հարազատները, մինչդեռ, հայտարարում են, թե նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել մշտական բնակության։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ըստ ադրբեջանցի քաղաքագետի` Բաքուն վաղ թե ուշ ստիպված ազատ է արձակելու բոլոր պահվող անձանց

Մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` հեղինակավոր Human Rights Watch-ը, վկայակոչելով սեփական ուսումնասիրություները, ահազանգել են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերի կողմից նրանք ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչեր են հնչեցնում աշխարհի տասնյակ երկրների կառավարություններ՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի։ Երեկ արձագանքելով դրանց, մասնավորապես, պաշտոնական Օտտավայի հայտարարությանը` Ադրբեջանի նախագահն ասել է՝ «ո՞ւմ տեղն է իրեն դրել Կանադան»։

«Վերջերս ինձ տեղեկացրել են, որ Կանադայի արտգործնախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հայտարարությամբ։ Ի՞նչ իրավունքով, ո՞վ է նման իրավունք տվել, ո՞ւմ տեղն է իրեն դրել Կանադան։ Միգուցե, այդ երկիրը գերտերություն է, մենք տեղյակ չենք, միգուցե երկրորդ Լյուքսեմբո՞ւրգն է, ստեղծվել է երկրորդ գերտերություն, ու մեզ չե՞ն տեղեկացրել։ Թող նստեն և զբաղվեն սեփական գործերով»,- սաստել է Իլհամ Ալիևը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն էլ Ալիևը կրկին պնդել է՝ Բաքուն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։

«Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին, որոնք մեզ մոտ էին պատերազմի արդյունքներով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Էլման Նասիրովը «Թուրան» գործակալության հետ զրույցում հիշեցրել է, որ Բաքուն էլ իր պահանջներն ունի «երկակի ստանդարտներ կիրառող միջազգային հանրությունից»։

«Այդքան շատ են բարձրացնում «ռազմագերիների» հարցը, ինչո՞ւ այդ դեպքում չեն խոսում այն մասին, որ ականապատված տարածքների քարտեզը չի փոխանցվել Ադրբեջանին, ինչի հետևանքով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել։ Ինչո՞ւ նրանք բառ չեն ասում ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած շուրջ չորս հազար ադրբեջանցիների մասին: Ի՞նչ է սա, սա ի՞նչ երկակի ստանդարտներ են»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը և պնդել՝ «Ադրբեջանում պահվող հայերը միանշանակ ահաբեկիչներ և դիվերսանտներ են»։

Ադրբեջանցի քաղաքագետ Առաստուն Օրուջլուի համոզմամբ էլ՝ Բաքուն վաղ թե ուշ ստիպված ազատ է արձակելու բոլոր պահվող անձանց․ «Իլհամ Ալիևը կվերադարձնի բոլորին միայն հանուն նրա, որպեսզի երախտիքի խոսքեր լսի ինչ-որ մեկից»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։ Նրա համոզմամբ` հարցը երկու կողմ ունի՝ պոպուլիստական հայտարարություններ ներքին լսարանի համար, և քայլեր, որոնք ձեռնարկվում են արտաքին լսարանի պահանջով, ինչը Ալիևը ստիպված կլինի կատարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG