Մատչելիության հղումներ

Հայաստան վերադարձավ ևս 5 գերի


Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից, «Ազատությանը» տեղեկացրին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նրանց «Էրեբունի» օդանավակայանից անմիջապես զինվորական հոսպիտալ տեղափոխեցին։

Ավելի վաղ՝ հունվարի 28-ին էլ նույն խմբից ևս 5 ռազմագերի էր Ադրբեջանը փոխանցել հայկական կողմին։

Երևան ժամանածների թվում էր ալավերդցի ժամկետային զինծառայող 18-ամյա Արայիկը։ Որ նա գերեվարվել է, հարազատներն ադրբեջանական տեսանյութերից էին տեղեկացել։

Եղբայրը՝ Արմենն «Ազատությանն» ասաց, որ Արայիկի հետ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին էին խոսել, պատերազմից հետո էլ, երբ իմացան գերի է, արդեն Կարմիր խաչից են եղբոր որպիսության մասին տեղեկացել. - «Իմացել ենք՝ առողջ ա ինքը, վիրավոր ա եղել, էլի, թևից»:

Հարազատներն Արայիկից պատերազմի ընթացքում ու հետո երկար ժամանակ լուր չունեին։ Մայրն «Ազատությանը» պատմել էր, որ անգամ հույսը կորցրել է, թե մի օր կգտնվի տղան. - «Նույնիսկ արդեն, պատկերացրեք, արդեն հուսակտրվեցի, ասի՝ վայ, տեր Աստված, ով գիտի զոհվել ա։ Էդ էլ եմ արդեն մտքովս անցկացրել։ Լրիվ զոհերի մեջին ասեի հլա նայեմ, տենամ էրեխեն կա՞, ասեի, չէ, չէ, ոչ մի տեղ չկա, ասեին, զոհերի մեջին չկա, արխեին մնա: Բանից պարզվելով՝ Հադրութի անտառներում են բռնել իրանց. որ պայթել ա իրանց մոտ, պայթյուն ա տեղի ունեցել, էրեխեք են, փախել են, արդեն իրանց էդ հադրության տներում բռնել են»:

Երբ հայտնի է դառնում, որ գերիների հերթական խումբն է հայրենիք վերադառնալու, «Էրեբունի» օդակայան են շտապում գերիների հարազատները՝ հույսով, որ միգուցե իրենց հարազատի անունն էլ կարդան։

Որդուց ամիսներ շարունակ լուր չունեցող քաղաքացիներից մեկը հույս ուներ՝ հնարավոր է Երևան վերադարձած 5 գերիներից ինչ-որ բան իմանա իր տղայի մասին։

Ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ Երևան են վերադարձրել 5, Բաքու՝ մեկ գերու:

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG