Երևանում ու աշխարհի շուրջ 30 այլ քաղաքներում այսօր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատման պահանջով բողոքի ակցիաներ կիրականացվեն։ Հայ, ինչպես նաև օտարազգի քաղաքացիներն արդեն երկրորդ անգամ են նման միջազգային ակցիա կազմակերպում։
Մեկնարկը տրվեց Երևանում՝ Ազգային ժողովի դիմաց: Մասնակիցներից Սեդա Գրիգորյանն ասում է՝ ցույցերը լայն արձագանք են ստանում. - «Թե համայնքներն են մեծապես արձագանքել և միացել տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից: Տեսնում ենք, որ նաև միջազգային հարթությունում, այո, կա բավական մեծ տեղաշարժ: Մենք տեսնում ենք շատ խիստ հայտարարություններ, գնահատականներ բարձր ամբիոններից, ինչպիսին, օրինակ, պաշտոնական հայտարարությունը Եվրոպական միության կողմից»:
Ակցիայի նպատակը տարբեր երկրների կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ուշադրությունը արդեն ավելի քան կես տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի վերադարձի խնդրի վրա հրավիրելն է. - «Ադրբեջանն արդեն 6 ամիս շարունակ խախտում է մարդու իրավունքների, մի շարք միջազգային կանոնակարգերի սահմանումները` ոտնահարելով մարդու իրավունքները և ապօրինի գերության մեջ պահելով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների: Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո դեռևս ռազմական գործողությունների շրջանակներում գերեվարված մեր բոլոր հայրենակիցները համարվում են ռազմագերիներ»:
Ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի դիմաց նամակ ընթերցեցին, որն այսօր հնչելու է շուրջ 30 քաղաքներում։
Բողոքի ակցիային էին միացել նաև Շիրակի մարզի բնակիչ, պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները։ Տիգրան Ամբարդարյանի եղբայրն է Ադրբեջանում. չգիտի` եղբայրը լավ է, թե ոչ, բայց կարող է ասել՝ ողջ է. «Իմ եղբոր հետ վերջին անգամ խոսել եմ դեկտեմբերի 10-ին: Տեսաուղերձ եղել է, տեսել ենք տղաներին»:
Իր որդուն սպասող Գրիշա Ենգոյանն ամիսներ շարունակ գլուխը բարձին դնել չի կարողանում. «Այսօրվա օրով մենք Գյումրիից հասել ենք ծնողներով այստեղ, կուզենք, որ սաղ աշխարհն իմանա, սաղ աշխարհին խնդրանքով` ուզում ենք, որ մեր երիտասարդները, մեր գերիները վերադառնան: Այդքան բան, ժողովո՛ւրդ ջան, մեր պահանջն այն է, որ մեր երեխաները սաղ-սալամաթ գան, հասնեն տուն»:
Ազգային ժողովի մոտից երևանյան ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի խոշոր պետությունների դեսպանատներ։ Ավելի ուշ բողոքի ակցիաներ մեկնարկեցին նաև այլ քաղաքներում: Ժնևում բնակվող Օֆելյա Հովհաննիսյանը ցույցի մեկնարկից առաջ «Ազատության» հետ զրույցում կարևորեց քաղաքացիների ճնշումը գերիների վերադարձնելու գործում. «Քաղաքագետներն իրենց գործը կանեն, քաղաքականությունն իր գործը կանի, բայց մենք` որպես քաղաքացի զուտ ճնշում բերել տարբեր քաղաքական գործիչների վրա: Իմիջիայլոց Շվեյցարիայի քաղաքական գործիչներից կան կուսակցություններ և կուսակցության տարբեր անդամներ, ոչ բոլորը, բայց երբեմն մասնակցում են մեր հետ ակցիաներին և համակարծիք են մեզ հետ, և հուսամ` մի արդյունք կլինի»:
Նախորդ ակցիայի ընթացքում Ժնևում բնակվողները հավաքվել էին Միավորված Ազգերի Կազմակերպության դիմաց: Այսօր այլ ձևաչափ են ընտրել. «Տեղն ընտրված է կայարանի մոտ մի տարածքում, որտեղ շատ են սրճարաններ, տեռասաներ, որոնք իմիջիայլոց նոր են բացվել` քովիդի հետ կապված, և շարժը շատ կա, այսինքն` այսօրվա մեր ակցիան թվով երկրորդն այս ֆորմատի մեջ ավելի շատ թիրախավորում է հասարակությանը հենց»:
Բեռլինից Լիլիթ Քոչարյանի խոսքով` պետք է օգտագործել սփյուռքի պոտենցիալը: Ըստ նրա` պատերազմից հետո բոլորը հիասթափված են, նվազել է հայկական շահերի առաջմղման շուրջ ակտիվությունը. «Սա առաջին փորձերից մեկն է սփյուռքին այս թմրած վիճակից հանելու ու պայքարի մղելու: Մենք դեռ շատ բաներ ունենք պայքարելու, ոչ միայն ռազմագերիների հարցը, բայց սա շատ կարևոր հարց է, որովհետև հարցը գնում է մարդկային կյանքեր փրկելու մասին, ու բոլորի համար անկախ իրենց քաղաքական հայացքներից այս հարցը պետք է լինի բոլոր հայերի առաջնահերթություն` մեր հայրենակիցների կյանքը փրկելու հարցը»:
Ընդհանուր առմամբ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում` քաղաքացիական անձինք։ Եվրամիությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։ Մինչ այդ էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի կոմիտեն էր կոչ արել վերադարձնել հայ գերիներին: Հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին` ԵԽԽՎ հանձնաժողովը նշել էր, որ ենթադրաբար Ադրբեջանում պահվող հայերի թիվը 188 է: