Մատչելիության հղումներ

«Շուշին պիտի լինի հայկական վերածննդի խորհրդանիշներից մեկը, բանակը պետք է զորացնել». այսօր մայիսի 9-ն է


Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները, նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ` մայիսի 9-ի առթիվ:

«Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը:

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ևս ուղերձ է հղել այսօրվա կապակցությամբ` նշելով. «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին:

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը»:

Ըստ ԱԺ նախագահի` Հայաստանը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը:

«Ադրբեջանի կողմից շարունակվում են խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունները, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում գերության մեջ գտնվող մեր զինվորականներն ու քաղաքացիական անձինք», - իր ուղերձում շեշտում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Կաթողիկոսը նաև նշում է` Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական հոգևոր ու մշակութային բազմադարյա ժառանգությունը Արցախում.

«Այսօր առկա նոր մարտահրավերներին հանդիման մեզ համար հրամայական է հայոց բանակի զորացումը, որ երաշխավորն է մեր հայրենիքի անվտանգության ու մեր խաղաղ կյանքի։ Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով», - նշված է կաթողիկոսի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG