Մատչելիության հղումներ

Արոնյանը հայտարարում է՝ ներկայիս կառավարությունը «քաղաքական պատճառներով է դադարեցրել իմ ֆինանսավորումը»


«Ներկայիս կառավարությունը քաղաքական պատճառներով է դադարեցրել իմ ֆինանսավորումը», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը։

Ֆինանսավորման դադարեցմանը, Արոնյանի համոզմամբ, ազդել է նաև այն հանգամանքը, որ իր պսակադրության կնքահայրը երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։

«Զգում էի, ինձ տարբեր մարդիկ զանգահարում և ասում էին՝ ասպես պետք է անես, այս մեկին այստեղ պետք է աջակցես, բայց ես այն մարդը չեմ, որ պետք է գնամ ինչ-որ մեկին աջակցեմ, որ ինձ մեկը օգնի, դա կյանքում չի եղել ու չի լինելու», - ասաց Արոնյանը:

Գրոսմայստերը դեռ փետրվարին էր հայտարարել, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է բեկումնային որոշում կայացնել ու հեռանալ Հայաստանից։ Արոնյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը խոստացել էր օժանդակել իրեն, ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն սահմանափակվել էր ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ։

38-ամյա շախմատիստն այսօր բացեց փակածգերը՝ ասելով, որ խոսքը 133 հազար դոլարի օժանդակության մասին է. հենց այդքան է առաջին տարում տրամադրել ներկայիս կառավարությունը, իսկ արդեն հաջորդ տարի՝ մերժել են խնդրանքը։

«Մի անգամ ես ստացել եմ 133 հազար դոլար տարվա կտրվածքով և հետո տարբեր հանդիպումներ եմ ունեցել, քանի որ դե քովիդ տարի էր, ես խնդրել էի ինձ 60 հազար դոլար տային, բայց մերժվել է իմ ուզածը», - ասաց Արոնյանը:

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերում հաղթանակներ գրացնած հայ շախմատիստը բացատրում է՝ պետական ֆինանսավորումը տարբեր տարիներին ուղղել է ուժեղագույն շախմատիստների հետ մարզվելու, գերհզոր համակարգչի վարձակալության համար, իսկ առանց այդ մարզումների, ասում է՝ անհնար է մրցունակ մարզավիճակում լինել։

«Կարծում եմ, որ իմ նպատակները...., հնարավոր չէ դրանց հետևելը և փորձել հասնելը, եթե ես առանց որևէ ֆինանսավորման պայքարեմ», - նշեց նա:

Արոնյանի խոսքով՝ հենց այդ հանգամանքն է վճռորոշ ազդեցություն ունեցել ԱՄՆ մեկնելու որոշման վրա։ Ասում է՝ նպատակն է շախմատի պատմության մեջ իր տեղն ունենալ՝ որպես հայ շախմատիստ, սակայն հասկացել է, նման պայմաններում հնարավոր չէ նպատակն իրականություն դարձնել. «Տարբեր հանդիպումներից հետո հասկացա, որ իմ նպատակներն ու երկրի հիմիկվա ղեկավարության շատ տարբերվում են»:

Կառավարությունից այսօր «Ազատությանը» չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեռ ամիսներ առաջ պնդել էր, թե չկա որևէ պաշտոնական պարտականություն, որ նախարարությունը չի կատարել Արոնյանի վերաբերյալ։ Դումանյանը բացասական պատասխան էր տվել նաև այն հարցին, թե արդյոք համարո՞ւմ է, որ այս իշխանության մեղքով է Արոնյանը հեռանում երկրից։

«Ոչ, չեմ համարում: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք նվաճումներով: Կարող եմ ընդամենը մեկ բան հաստատել իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել», - նշել է Դումանյանը:

Լևոն Արոնյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես կգա առաջիկա ամիսներին, այսօր հայտնեց՝ բնակություն է հաստատելու Սենթ Լուիս քաղաքում։ Գրոսմայստերն այսօր շախմատի տանն էր, քանի որ հեռանում է, ասում է՝ ցանկացավ շախմատասերների հետ իր փորձով կիսվել։ Մտածում է՝ առաջիկա տարիներին նման հնարավորություն էլ դժվար լինի։

«Տենց չի, որ գնում եմ ու էլ Հայաստան չեմ գա, գնում եմ, ստեղ հարազատներ ունեմ, մոտիկներ ունեմ, նվիրված եմ իմ ազգին, երկրին, բայց ներկայացնելու եմ Ամերիկան, ապրելու եմ Սենթ Լուիսում, վերադառնալու եմ ապրեմ Հայաստանում երևի թե կարիերայիցս հետո», - ասաց Լևոն Արոնյանը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի այս պահի դրությամբ 104 լավագույն շախմատիստների դասակարգման ցուցակում Արոնյանը 5-րդ տեղում է։

XS
SM
MD
LG