Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պահանջում է արդարացնել իրեն, ոչ թե վերաորակել մեղադրանքը։
Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, իրավապահները վերաորակել են Հարությունյանի մեղադրանքը։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` գեներալ-գնդապետը մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։
Արդեն 2.5 տարի հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը Մոսկվայում է։ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին արտահանձնել նրան՝ դեռևս 2002-ից իր քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։
Փաստաբան Կարեն Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իր պաշտպանյալի մեղադրանքը վերաորակելու որևէ անհրաժեշտություն չկար։ Եթե նույն՝ 2008-ի հետընտրական դեպքերի համար մյուս մեղադրյալներն արդարացվել են, ինչո՞ւ նախկին նախարարը չպիտի արդարացվի։ Փաստաբանը վկայակոչում է օրենքը, ըստ որի մեղադրանքը վերաորակվում է լրացուցիչ ապացույցների դեպքում, իսկ իրենց որևէ լրացուցիչ ապացույց չի ներկայացվել. «Միայն անհրաժեշտությունից ելնելով` կարող է արարքը վերաորակվել, անհրաժեշտության տակ, երբ որ մենք համադրում ենք քրեական դատավորության օրենսգրքի մի շարք հոդվածներ, ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտության տակ օրենսդիրը նկատի ունի նոր հանգամանքների ի հայտ գալը, այսինքն` պետք է գործի քննության ընթացքում նոր ապացույցներ ձեռք բերվեն, նոր հանգամանքներ ի հայտ գան, որոնցից կբխի, որ անձը կատարել է ոչ թե այս հանցագործությունը, այլ` այլ հանցագործություն»:
Անհիմն որակելով 75-ամյա Հարությունյանին նոր մեղադրանք ներկայացնելը՝ փաստաբանը պատրաստվում է բողոքներ ներկայացնել դատարան ընդդեմ դատախազության։ Ասում է, որ Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշումից հետո մինչև վերջերս՝ մեղադրանքը վերաորակելը, պաշտպանյալը հետապնդվել է ապօրինի՝ գոյություն չունեցող հոդվածով, ինչը հանցագործություն է, իսկ մեղադրանքն էլ վերաորակել են իրենց դիմումից հետո, երբ հարց են բարձրացրել ապօրինի հետապնդման մասին. «Ակնհայտ է, որ այդ վերաորակումը ոչ թե իրոք նպատակ է հետապնդում անձի գործողություններին ճշգրիտ իրավական, քրեաիրավական որակում տալ, այլ ակնհայտ է, որ անձին ուզում են ինչ-ինչ պատճառներով, ոչ քննության անհրաժեշտությունից ելնելով, այլ ինչ-որ պատճառներով, որի մասին կարծում եմ` նախաքննության մարմինը և դատախազությունը պետք է բացատրություն տան, թե որոնք են այդ պատճառները, անձին ուղղակի ուզում են պահել մեղադրյալի կարգավիճակում»:
Դեռևս մարտի 30-ին գեներալ-գնդապետի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով դադարեցնել քրեական հետապնդումը և արդարացնել Հարությունյանին, բայց քննիչը պատասխանել է, որ որոշում ընդունելու համար էական հանգամանքներ պետք է պարզվեն։ Քննիչը գրել է, որ այդ հանգամանքները կապ ունեն գլխավոր դատախազի՝ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի հետ։ Արթուր Դավթյանը դիմել է բարձր դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մի շարք հոդվածներ, ինչից հետո կկարողանան վերաորակել Մարտի 1-ի գործով արդարացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող արարքները։
Փաստաբանի պնդմամբ՝ քննիչն իրենց հարցրել է՝ համաձա՞յն են վաղեմության ժամկետի կիրառման հետ, իրենք պատասխանել են՝ ոչ։ Հարությունյանին մեղսագրվող նոր հոդվածը վաղեմության ժամկետ ունի, և եթե գեներալ գնդապետը համաձայնի, և այն կիրառվի, ապա նրան չեն դատապարտի։
Կարեն Սարդարյանն ասում է՝ Միքայել Հարությունյանին մեղադրում են իր կայացրած մի որոշման՝ հայտնի 0038 հրամանի համար, որով, ըստ գործը քննող Հատուկ քննչական ծառայության, ապաքաղաքական բանակը ներգրավվել է հետընտրական քաղաքական գործընթացներին։ 2008-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Հարությունյանը չի ընդունում, որ տասը մարդու մահվան պատճառ դարձած մարտյան իրադարձությունների ժամանակ հանցագործություն է կատարել:
«Որոշում կայացնելը և զորքերի տեղաշարժ ապահովելը պաշտպանության նախարարի ուղղակի իր գործառույթներից բխող քայլ է, և որոշում կայացնել պաշտպանության նախարարի կողմից և ինչ-որ զորամիավորումներ մի տեղից մյուս տեղը տեղաշարժել չի կարող լինել, այսինքն` 309 հոդվածի 3-րդ մասն ինչ է ասում, իր լիազորությունների անցում», - նշեց Կարեն Սարդարյանը:
Փաստաբանն ասաց, որ Մոսկվայում Միքայել Հարությունյանը վիրահատվել է, և չի բացառվում, որ հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորականը առաջիկայում վերադառնա Հայաստան։