Մատչելիության հղումներ

Դատավորն ահազանգում է՝ իր դեմ կարգապահական վարույթ են հարուցել՝ վարչապետի մահափորձի գործով Աշոտ Մինասյանին չկալանավորելու համար


Դատավոր Արման Հովհաննիսյանը պնդում է, թե Արդարադատության նախարարությունն իր դեմ կարգապահական վարույթ է հարուցել՝ ամիսներ առաջ վարչապետի մահափորձի գործով մեղադրյալ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու համար։

«Այնտեղ նայեք՝ գնահատում են, էս ցուցմունքը ես սենց եմ գնահատել, իրենք ասում են՝ «էս ցուցմունքն էսպես ա», «մեր կարծիքով՝ էսի սենց ա», դա բոլորն ընդունել ա, կարող ա ես սխալվել եմ, բայց դա վերադաս ատյանների խնդիրն ա, ոչ թե կարգապահական վարույթ հարուցելու», - ասաց Հովհաննիսյանը։

44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել՝ վարչապետի սպանությունը նախապատրաստելու հոդվածով և մի ձայնագրություն հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ իրավապահների՝ նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Ու չնայած ներկայացված ծանր քրեական հոդվածին՝ մեղադրյալներից ոչ մեկը չկալանավորվեց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մերժել էր Մինասյանին կալանավորել՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, ինչից հետո Գլխավոր դատախազությունն իր կայացրած որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյան, որն էլ այն թողել էր անփոփոխ։ Դատավորի խոսքով՝ գործը հսկող դատախազը տեղեկանք է կազմել այն մասին, որ դատավոր Հովհաննիսյանի կայացրած որոշումը դուրս է եկել օրինականության սահմաններից։ Դատավորն ասում է՝ իր համար անհասկանալի են այս ձևակերպումներն առհասարակ։

Ըստ դատավորի՝ իրեն փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել իր կայացրած որոշման բովանդակության համար, ինչի իրավունքը Դատական օրենսգրքով չկա։ Հովհաննիսյանի խոսքով՝ դատավորի որոշման բովանդակությունը առհասարակ վիճարկվում է վերաքննիչ ատյանում, բայց՝ ոչ Բարձրագույն դատական խորհրդում։

«Նախ՝ Գլխավոր դատախազությունը, երբ որ դիմում է արդարադատության նախարարին, դա նույն բանն է, ոնց որ քոփի փեսթ արած լինին, ինչ-որ վերաքննիչ բողոքն են իրենք ներկայացրել։ Այսինքն՝ վերլուծում են ակտում առկա ցուցմունքները՝ սենց գնահատվեց, նենց գնահատվեց, դատարանը սենց անդրադարձավ, էս հանգամանքին նենց անդրադարձավ, դա վերաքննիչ բողոք ա, ինքը դատական ակտի օրինականության ստուգում ա, որը վերադաս ատյանների խնդիրն ա, քաղաքականը դու պետք է թույլ տված լինես այնպիսի սխալ, որը որ դուրս եկած լինի էդ օրինականության սահմաններից, որ կարգապահական վարույթ քո վրա հարուցեն», - ասաց Հովհաննիսյանը։

Դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդը, ըստ Դատական օրենսգրքի, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին մի շարք դեպքերում, օրինակ, երբ դատավորի գործունեությունը հեղինակազրկում է դատական իշխանությունը, կամ էլ՝ դատավորը դիտավորությամբ, կամ անփութությամբ խախտել է վարքագծի կանոնները։

Գլխավոր դատախազությունից և Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել դատավորի հետ կապված այս հարցը՝ հիմնվելով դատավորների իրավական պաշտպանվածության վրա։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վկայակոչում է Հայաստանի Սահմանադրությունը, որը թույլ է տալիս դատավորին կանչել պատասխանատվության իր կայացրած դատական ակտի համար, եթե կան հանցագործության, կամ կարգապահական խախտման հատկանիշներ: Միևնույն ժամանակ Սաքունցն ընդգծում է՝ Արդարադատության նախարարությունը պետք է մանրամասն նկարագրի, թե որտեղ է թերացել դատավորը։

«Կարգապահական վարույթի շրջանակներում դատական ակտը կարող է քննարկման արժանանալ, եթե դատավարություն իրականացնելու ընթացքում դատավորը գիտակցաբար, կամ կոպիտ անփութությամբ խախտել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը, գիտակցաբար։ Դա պետք է քննությամբ պարզվի, այսինքն՝ կարգապահական վարույթի շրջանակներում, բայց որպեսզի կարգապահական վարույթը սկսվի, այդ կարգապահական վարույթի հարուցման դիմումում պետք է նշվեն պատշաճ հիմքեր։ Եթե այդ դիմումում միայն նշված լինի, որ դատավորը հաշվի չի առել հիմնավոր կասկածի առկայությունը, նման դիմումն անհիմն ա»,- ասաց Սաքունվը։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ևս վկայակոչում է Սահմանադրությունը։ Նա պատմում է, որ սահմանադրական վերջին փոփոխություններում այս դրույթը պետք է հանեին, բայց այն, չգիտես ինչպես, տեղ գտավ մայր օրենքում։ Նախկին դատավորը կարծում է, որ իր կայացրած որոշման համար դատավորը չպետք է ենթարկվի պատասխանատվության։ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է երաշխավորի դատավորի ազատությունը, ոչ թե նրան պատժող գործիք լինի։

«Դատավորը իրա որոշման համար ինքը պատասխանատու չի, վերջ, ինքը պատասխանատու է միայն իրա կարգապահական վարքագծի խախտումներով՝ հարբած լինի, էս լինի, էն լինի, չարաշահի, ձախողի և այլն», - ասաց նախկին դատավոր։

XS
SM
MD
LG