Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխնախագահը հուսով է՝ Էրդողան-Բայդեն հանդիպումը «երկկողմ հարաբերությունների նոր մեկնարկ կազդարարի»


Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայ, արխիվ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայ, արխիվ

Օքթայի պնդմամբ, օգտագործելով ցեղասպանության եզրույթը՝ ԱՄՆ նախագահը լուծում էր խնդիրներ, որոնք Թուրքիայի հետ ուղղակի առնչություն չունեն։

Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն բառի օգտագործմանը՝ պաշտոնական Անկարան հույս ունի, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կկարողանան մոտ ապագայում կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին թուրքական պետական հեռուստատեսության անգլալեզու լրատվական ալիքի՝ TRT World-ի եթերում հայտարարում էր Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«[Բայդենի] Այս որոշումը հավելյալ բարդություններ ստեղծեց հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ, միշտ էլ հնարավորություններ ու պատեհ առիթներ գոյություն ունեն, որոնց վրա էլ հենց հարկավոր է ամբողջությամբ կենտրոնանալ։ Նույնիսկ այս որոշման կայացման ընթացքում նախագահներ Էրդողանն ու Բայդենը զրուցել են։ Հունիսին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է նրանց հանդիպումը։ Հուսանք, որ դա [հարաբերությունների] նոր մեկնարկ կազդարարի», - հայտարարում էր Թուրքիայի փոխնախագահը։

Էրդողանի տեղակալի համոզմամբ՝ Ջոզեֆ Բայդենը, խախտելով իր նախորդների կողմից կիրառված պրակտիկան և օգտագործելով ցեղասպանության եզրույթը, լուծում էր խնդիրներ, որոնք Թուրքիայի հետ ուղղակի առնչություն չունեն։

«Ես դա կարող եմ բնութագրել մեկ բառով՝ ներքին քաղաքականություն, ընդամենը», - հայտարարում էր Ֆուաթ Օքթայը՝ հարցազրույցը վարող լրագրողուհու ճշտող հարցին, թե արդյո՞ք նկատի ունի, որ ապրիլքսանչորսյան հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարն ինչ-ինչ ներքին հարցեր էր լուծում, պատասխանալով՝ «միանշանակորեն»։

«Երկրորդ պատճառը, իմ խորին համոմզամբ, Բայդենի այն հայտարարությունն էր, ըստ որի Միացյալ Նահանգները վերադառնալու է միջազգային ասպարեզ։ Այդ իսկ պատճառով, ես ենթադրում եմ, որ նա փորձում է օգտագործել այս երևույթը, որպես մեկն այն գործիքներից, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին վերադառնալ աշխարհի առանձին վերցված մեկ հատված», - հայտարարում էր Թուրքիայի փոխնախագահը։

Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆուաթ Օքթայը մեկ անգամ ևս կրկնեց Անկարայի կողմից տարիներ շարունակ հնչեցվող առաջարկների շարքը՝ բացել բոլոր թուրքական և հայաստանյան արխիվներն ու պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որն էլ կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները։

«Անգամ տարրական դասարանի աշակերտի համար է պարզ, որ քաղաքական գործիչը չպետք է գնահատականներ տա անցյալի իրադարձություններին», - պնդում էր Թուրքիայի փոխնախագահը։

«Այն խոստումների պատճառով, որոնք տրվել են հայկական լոբիին կամ էլ հայկական ազդեցության տակ գտնվող լոբիստական կառույցներին, չի կարելի պատմական որոշումներ կայացնել։ Նման խոստումների հիման վրա հնարավոր չէ մի ամբողջ պետությանը ցեղասպանության համար պատասխանատու հռչակել։ Որևէ մեկը չի կարող ցեղասպանություն եզրույթն այդքան հեշտությամբ կիրառել։ Եթե ցեղասպանություն բառը պետք է կիրառվի, ապա այն պետք է կիրառվի Միացյալ Նահանգների, բայց ոչ Թուրքիայի հանդեպ», - հայտարարում էր Օքթայը։

Վերադառնալով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին՝ Թուրքիայի փոխնախագահը երկու հիմնական հարց էր նշում, որոնք, իր համոզմամբ, խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացմանը։

«Գոյություն ունի ահաբեկչությանը ցուցաբերվող ամերիկյան օժանդակության խնդիրը։ Խոսքը Քրդական բանվորական կուսակցության, Սիրիայում գործող քրդական խմբավորումների մասին է, որոնք գործում են մեր երկրի ներսում և մեր երկրի սահմաններից դուրս։ Միացյալ Նահանգները բացահայտ կերպով մեծածավալ սպառազինություն է մատակարարում այդ ուժերին և անգամ այդ գործողությունները պատկերող լուսանկարները զետեղում Պենտագոնի և ամերիկյան այլ գերատեսչությունների կայքերում։ Սա հիմնական հարցն է։ Մյուս խնդիը Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած ահաբեկչական կառույցի շուրջ զարգացումներն են։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարը բնակվում է Միացյալ Նահանգներում, և ԱՄՆ-ը այդ առումով որևէ քայլ չի ձեռնարկում», - հայտարարում էր Թուրքիայի փոխնախագահը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան 90-ականների վերջին Փենսիլվանիայում բնակվող թուրք իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենին և նրա ստեղծած ցանցի անդամներին մեղադրում է 2016-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար։ 2016 թվականի հուլիսի 15-ին բանակային մի շարք ստորաբաժանումների կողմից իրականացված հեղաշրջման փորձի ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել, 2,7 հազարից ավելին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG