Մատչելիության հղումներ

Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, որոնք ողջունեցին Բայդենի հայտարարությունը, ասում է Փայլանը


Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր ողջունել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` «Ազատության» հետ զրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի անդամ, հայազգի Գարո Փայլանը։

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Բայդենի հայտարարությունը՝ այն որակելով «սխալ քայլ» և կոչ անելով իր ամերիկացի պաշտոնակցին վերանայել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման որոշումը։

«Անշուշտ [կան նման գործիչներ]։ Իմ կուսակցությունից Թուրքիայի խորհրդարան անցած բոլոր պատգամավորները պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առերեսվել ցեղասպանությանը։ Մեր՝ Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության կենտրոնական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանությանը», - ասաց Փայլանը՝ շարունակելով․ - «Այլ կուսակցություններ նույնպես ունեն անդամներ, որոնք պատրաստ են առերեսվել Հայոց ցեղասպանությանը, սակայն համարձակություն չունեն հրապարակավ հայտարարելու այդ մասին։ Դժբախտաբար, Թուրքիայի չորս հիմնական կուսակցությունները, որոնցից երկուսը աշխարհիկ են, երկուսը՝ ազգայնական, որդեգրել են ցեղասպանությունը մերժելու դիրքորոշում»։

Գարո Փայլանը հիշեցրեց՝ Թուրքիայում իշխանությունները տասնամյակներ շարունակ վարել են Հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականություն։

«Նախորդ երկու տասնամյակներում Թուրքիայում կարող էինք խոսել Հայոց ցեղասպանության մասին։ 80 տարի լռություն էր, բայց Հրանտ Դինքի ու այլ ժողովրդավար անձանց շնորհիվ կարողացանք խոսել Հայոց ցեղասպանության մասին, սակայն թուրքական հասարակությունը պատրաստ չէր տեղի ունեցածը կոչել «ցեղասպանություն», բայց պատրաստ էին ասել, որ ինչ-որ նման բան տեղի է ունեցել։ Դժբախտաբար, 2015 թվականից հետո Էրդողանը իշխանության ղեկին հաստատեց ազգայնական կոալիցիա՝ իր ազգայնական գործընկերոջ հետ։ Նախորդ հինգ տարիներին կորցրեցինք գրեթե ամեն ինչ, և այժմ Թուրքիայում ապրում ենք մերժման հին քաղաքականության ներքո», - ընդգծեց հայազգի գործիչը։

«Թուրքիայում քաղաքական գործիչներն իրենց ազդեցությունն ունեն հասարակության վրա։ Հինգ տարի առաջ Էրդողանն ասաց, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, և ցավակցում են հայ համայնքին, սակայն այսօր նա կրկին հետևում է Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությանը։ Երբ առաջանորդները հետևում են նման՝ մերժման քաղաքականությանը, հասարակությունն ընկնում է ազդեցության ներքո։ Այսօր Հայոց ցեղասպանության մերժումն է օրակարգում, բայց Թուրքիայում կան միլիոնավոր մարդիկ, որոնք պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մենք պարզապես փորձում ենք ներազդել թուրք ժողովրդի վրա՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը», - ասաց Գարո Փայլանը։

Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ օրերին վերստին հայտարարեց, թե Անկարան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ` մասնավորապես, ապրիլի 24-ին նամակ հղելով Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ Էրդողանը վստահեցրեց` Թուրքիան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ «փոխադարձ հարգանքի հիման վրա»։

Փայլանին հիշեցրեցինք՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ անգամ արձանագրություններ ստորագրվեցին, սակայն Անկարան այդպես էլ ձեռնամուխ չեղավ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար, հարց է առաջանում՝ որքանո՞վ է լուրջ Էրդողանը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

«Կարծում եմ` միայն ժողովրդավար Թուրքիան կարող է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ազգայնական կառավարությունը չի կարող նման քայլ կատարել։ Դժբախտաբար, Էրդողանը հետևում է ազգայնական քաղաքականությանը, և անցած տարի մենք մեկ այլ ողբերգության ականատես եղանք, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։ Մեր հույսն է, որ Էրդողանը կամ Թուրքիայի այլ կառավարություն վերջ կտա այս ազգայնական քաղաքականությանը։ Երբ չեք վարում ազգայնական քաղաքականություն, ավելին եք ցանկանում, քան լուծել ձեր հարևանների հետ առկա խնդիրները։ Մենք ոչ միայն Հայաստանի հետ խնդիրներ ունենք, խնդիրներ ունենք Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ։ Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունենք, սակայն միայն Հայաստանի հետ դուռն է փակ։

Առաջարկել եմ Թուրքիայի կառավարությանը և խորհրդարանին բացել Հայաստանի հետ դուռը։ Եթե ձեր հարևանի հետ դուռը փակ է, չեք կարող լուծել խնդիրները։ Ուստի, նախևառաջ պետք է բացել սահմանը, ունենալ մշակութային ու տնտեսական հարաբերություններ, որից հետո կարող եք նստել սեղանի շուրջ և խոսել խնդիրների մասին ու լուծել դրանք»։

XS
SM
MD
LG