Մատչելիության հղումներ

Չնայած Բայդենի քայլը վրդովել է Թուրքիային, Անկարան հիմա խուսափում է դիմակայությունից. Reuters


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվային լուսանկար

«Ռոյթերսի» (Reuters) վերլուծաբաններ Օրհան Քոշկունը և Դոմենիկ Էվանսը նշում են, որ չնայած ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Թուրքիայում, Անկարան տվյալ պահին խուսափում է դիմակայությունից, ինչը կարող է վնաս հասցնել իր փխրուն տնտեսությանը և փշրել ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հույսերը:

Սովորաբար մարտական գործող Թուրքիայի առաջնորդը, ով արտաքին վիճաբանությունները հաճախ է օգտագործում ներքին աջակցությունը մոբիլիզացնելու համար, հիմա ավելի շատ կենտրոնացած է թուլացած տնտեսությունը վերականգնելու վրա, ինչը, վերլուծաբանների կարծիքով, նրա վերընտրվելու հեռանկարի բանալին է: 2023 թվականի ընտրություններում հաղթելու, իշխանության երրորդ տասնամյակը մտնելու Էրդողանի շանսերը կախված են երկրի տնտեսական իրավիճակը վերականգնելու նրա ունակություններից: Հիմնականում զսպված արձագանքում Էրդողանը որևէ կոնկրետ պատասխան քայլերի մասին չի խոսել` Բայդենի պատմական հայտարարությունից հետո հարցին անդրադառնալով միայն մեկ անգամ: Այդ նույն հեռուստաելույթում, որտեղ Էրդողանը քննադատել է Բայդենին «անհիմն, անարդար և ճշմարտությանը չհամապատասխանող» հայտարարության համար, նա միաժամանակ ընդգծել է, որ երկու առաջնորդները կարող են նոր փուլ սկսել, երբ հունիսին կայանա նրանց առաջին հանդիպումը:

Թուրքիայի նախագահի համեմատաբար մեղմ տոնը վերլուծաբանները բացատրում են նաև տարածաշրջանային իրավիճակով. վերջին տարիներին Անկարայի ռազմական ներխուժումները և ագրեսիվ արտաքին քաղաքականությունը մեծացրել է Թուրքիայի կոշտ ուժը, բայց և մեկուսացրել նրան Միջերկրականի արևելքում և Մերձավոր Արևելքում, ու անցած տարեվերջից Թուրքիան ձգտում է բարելավել թուլացած կապերը Արևմուտքի և արաբական աշխարհի հետ:

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն արդեն լարված էին ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը Թուրքիայի կողմից գնելու հետևանքով, ինչպես նաև Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցության պատճառով: Անկարան սիրիացի քրդերին կապում է գրոհայինների հետ, որոնք արդեն մի քանի տասնամյակ հարձակումներ, խռովություններ են իրականացնում Թուրքիայի ներսում: Ի տարբերություն նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի, ով հաճախ էր հեռախուսազրույց ունենում Էրդողանի հետ և ինչ-որ տեղ համակրում էր նրան, Ջո Բայդենը հեռավորություն է պահում, իսկ նրա վարչակազմը քննադատում է Անկարային մարդու իրավունքների իրավիճակի համար: Պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի քան 3 ամիս Բայդենը չի խոսել Էրդողանի հետ, նրանց առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ի նախօրեին, երբ Բայդենն Էրդողանին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:

«Իհարկե, դա հաճելի չէր», - «Ռոյթերսին» ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում` շարունակելով. «Իր առաջին տարում նման կերպ վարվելը հարաբերությունները վտանգի տակ դնող դիրքորոշում էր»:

Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ այդ հեռախոսազրույցը հիմք է դրել ՆԱՏՕ-ի անդամ երկու գործընկերների ապագա համագործակցության համար. «Իրադարձությունների ընթացքը ցույց կտա, թե հարաբերություններն ինչպես կզարգանան: Ամեն դեպքում թվում է` դա կարելի է հաղթահարել»:

Թուրքիայի երկու ուրիշ պաշտոնյաներ իրենց անունը չհրապարակելու պայմանով «Ռոյթերսին» ասել են, թե Թուրքիան կձգտի խուսափել Վաշինգտոնի հետ վիճաբանության սրացումից, առնվազն այս պահին: Բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե Անկարան փորձում է վերականգնել կամուրջները Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ: Նա նշել է, որ մինչև հունիսին կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումն Անկարայի քաղաքականությունը սպասողական կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG