Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Դեսպանը մանրամասնեց՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։
«Իրոք, տեղի է ունենում գործընթացների ինտենսիֆիկացում, որը մի կողմից պայմանավորված է ապրիլի 24-ով, մյուս կողմից՝ պատճառն այն է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման գործում և այլ հարցերում առաջընթաց չկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ապրիլի 24-ի երեկոյան խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաջորդ օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նպատակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է, և Ռուսաստանը, բնականաբար, այս գործընթացի մաս է կազմում, քանի որ Մոսկվան ներկա է Լեռնային Ղարաբաղում, և նպատակը քաղաքական գործընթացի վերսկսումն է, որպեսզի քննարկվեն այն հարցերը որոնք կարգավորված չեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ունենք հրադադար, ինչը կարևոր ձեռքբերում է, բայց կան մի շարք այլ հարցեր, որոնք պետք է քննարկել և դա անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», - նշեց Լաքոթը։
Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի եռակողմ հայտարարությունում, ինչպես հայտնի է, որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Օրերս «Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, թե ղարաբաղյան խնդրում առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Այսօր Ֆրանսիայի դեսպանին խնդրեցինք մանրամասնել, թե մի շարք այլ հարցեր ասելով՝ ի՞նչ նկատի ունի. «Կան հրատապ պատասխան պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատ արձակման հարցը, որը պետք է լինի առանց որևէ նախապայմանի։ Նաև պետք է ամրապնդել հրադադարը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ Ընդհանրապես, պետք է վերսկսել քաղաքական գործընթացը, որը թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին բանակցել»։
Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրության համաձայն, «արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ կոորդինացնել [ջանքերը] Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների [ուղղությամբ], ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»։
Եվրամիության նախարարների կոմիտեն ապրիլի 28-ին կոչ արեց վերադարձնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարված ռազմագերիներին և ձերբակալված անձանց՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից։
Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին անդրադարձավ ռազմագերիների հարցին՝ ընդգծելով, որ այն դառնում է միջազգային օրակարգի հարց։
«Ըստ էության Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու, չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը կապված գերեվարված անձանց խնդիրների հետ շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ», - ասել է Փաշինյանը:
Ֆրանսիայի դեսպան. Ցեղասպանության ճանաչումը կարևոր է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար
Ֆրանսիայի դեսպանի հետ խոսեցինք նախորդ դարասկզբին Ֆրանսիայի ռազմա-ծովային ուժերում ծառայող սպա, թարգմանիչ և Մուսա լեռան հայերի փրկագործության մասնակից Շառլ-Տիրան Թեքեյանի «Քառամյա պատերազմն Արևելքում, ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում» հուշագրության նոր՝ երկլեզու հրատարակության շնորհանդեսին, որը կայացավ այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
«Ներկա իրավիճակում հասկանում ենք, որ պատմությունը հիշելու նշանակությունը այս պահին շատ ավելի կարևոր է, քան երբևէ։ Պատմությունն ու հուշը Հայաստանին են ծառայում։ Տեսնում ենք, թե մեր օրերում որքան առաջընթաց կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Տեսնում ենք, թե այն որքան կարևոր է արդարությունը վերահաստատելու համար, և այն առավել ևս կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Հիշողությունը միայն անցյալ չէ, այն շատ կարևոր է նաև ապագայի համար», - նշեց դեսպանը։