Եվրոպական միությունը կոչ է անում վերադարձնել ռազմագերիներին ու ձերբակալված անձանց՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից: Երեկ երեկոյան է կառույցը հայտարարություն ընդունել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստում շեշտել է՝ Ադրբեջանը չի կատարում հայ գերիներին վերադարձնելու պարտավորությունը, Եվրամիության հայտարարությունը կոնկրետ է ու հասցեական։
«Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայկական կողմը 264 դիմումներ է ուղարկել Ստրասբուրգի դատարան, որպեսզի միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարզի` արդյոք այդ անձինք գերեվարված են, ինչ պայմաններում ու վիճակում են գտնվում։ Ադրբեջանը հաստատումներ էր ներկայացրել միայն 72 քաղաքացիների վերաբերյալ, որ այո, Բաքվում են։ Վերջին ամիսներին այդ երկիրը եվրոպական դատարանին հաստատումներ չի ներկայացրել։ Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում ներկայացնել դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ, հիշեցնում՝ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ դատարանի պահանջներին։
«Կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է», - ասում է վարչապետի պաշտոնակատարը:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի կարծում, թե Ադրբեջանը հրատապ արձագանքելու է Եվրամիության կոչին։ Այս հայտարարությունը նա քաղաքական զարգացումների հետևանք է համարում, որ չստացվի, թե Եվրամիությունը հետևողական զբաղվում է, օրինակ, ռուս ընդդիմադիր գործչի` Նավալնու խնդիրներով ու անտեսում հարյուրավոր հայ գերիների հարցը. «Եթե Նավալնիի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անգամ ազատ արձակելու պահանջ ներկայացրեց, ինչը մինչ օրս չի կատարում հայ ռազմագերիների առնչությամբ, և նաև Եվրոպական միությունը պետք է կոչ աներ Նավալնիի գործով, չափազանց վտանգավոր իրավիճակում կհայտնվեր, եթե չարձագանքեր հայ ռազմագերիների խնդրին»:
Փաստաբանի կարծիքով՝ եվրոպական կառույցները իրենց զինանոցի ավելի խիստ միջոցներով պետք է գործի անցնեն հայ գերիներին վերադարձնելու համար: Ասում է՝ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաները, պատերազմական հանցագործությունների համար քրեական գործընթացները ուշանում են. «Գործուն մեխանիզմը, կարծում եմ, սանկցիաներն են, Ադրբեջանը կապիտալներ ունի Եվրոպական միության անդամ պետություններում, ադրբեջանական բարձր իշխանությունների թողտվության պայմաններում են կատարում այդ հանցագործությունները: Եթե մի քանի սանկցիաներ կիրառեն, արգելեն տեղաշարժը, գույքը սառեցնեն, քաղաքացիների հետ կապված վտանգներ ստեղծեն, վստահ եմ, որ խնդիրը սեղմ ժամկետներում հնարավոր կլինի լուծել»:
Փաստաբան Սահակյանը լավատես չէ, թե Ադրբեջանը սեղմ ժամկետներում կվերադարձնի գերիներին, միևնույն ժամանակ չի բացառում հակառակը, քանի որ հարցը Եվրոպայի խորհրդի կառույցների՝ Ստրասբուրգի դատարանի ու նախարարների կոմիտեի օրակարգում է։
Վարդուհի Պարունակյանի որդին 19 տարեկան դարձավ Ադրբեջանում` գերության մեջ: Ռոբերտ Վարդանյանը երկու ամսվա ժամկետային զինծառայող էր, գերեվարվել է Հադրությում. «Վիրավոր են եղել, ի վիճակի չեն եղել դուրս գալու, ովքեր հասցրել, դուրս են եկել, ովքեր չէ, արդեն վիրավոր վիճակում մնացել են մի քանի հոգով: Նոյեմբերի 21-ին տեսանյութից ենք իմացել, որ արդեն գերեվարված են», - պատմում է մայրը` Վարդուհի Պարունակյանը:
Ադրբեջանը հաստատել է, որ տղան գերեվարված է, Բաքվում է, Կարմիր խաչի միջոցով մայրը որդուց նամակներ է ստացել և երկու շաբաթ առաջ լսել նրա ձայնը, որ ընդհատվել էր հոկտեմբերի 8-ից. «Ձայնը նորմալ, հա իրեն տեսակցել են արդեն, երկու անգամ նամակագրություն ենք ունեցել, ինքը նորմալ, ամեն ինչ լավ ա, սպասեք»:
Վարդուհին ասում է՝ իրենց ընտանքի օրը լցված է միայն որդու սպասումով, շունչը պահած հետևում են գերիների վերաբերյալ բոլոր պաշտոնական տեքստերին։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն է այսօր հայտարարել, թե Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները բանակցում են գերիների հարցին լուծում տալու համար, նրանք հանդիպել են մեկ ամիս առաջ ու հեռախոսով էլ կապի մեջ են. «Հանդիպումները պարբերաբար արվում են»:
Փետրվարից այս կողմը Ադրբեջանը որևէ գերու Հայաստան չի վերադարձրել. թեպետ ավելի վաղ գոնե 72 հոգու վերաբերյալ հաստատումներ էին ներկայացրել։ Նրանցից 54-ը Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, 14-ը` ժամկետային զինծառայողներ, 4-ը` խաղաղ բնակիչներ։ Ըստ պաշտոնական Բաքվի` «նրանք բոլորը ահաբեկիչ-դիվերսանտներ են»։