Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հինգ օրվա ընթացքում պետք է ստորագրի ընտրություններում ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը


Այսօրվանից սկսած 5 օրվա ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պետք է ստորագրի խորհրդարանի կողմից ընդունված ու նախագահի կողմից չստորագրված՝ Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը. լրացել է դրա համար նախատեսված 21 օրը։

Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել օրենքը, ըստ էության այն հիմնավորմամբ, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական ու քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակված հրատապ համատեղ կարծիքում համոզմունք են հայտնել, թե համամասնական ընտրակարգի պարզեցումը լայն աջակցություն ունի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից, գոհունակությամբ նշել են, որ բարեփոխումը կատարվել է տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի հետ լայն խորհրդակցությունների միջոցով։

«Վենետիկի հանձաժողովի էս կարծիքը նույնիսկ ավելի դրական էր, քան ես սպասում էի», - ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Տարիներ շարունակ ընտրական բարեփոխումներին մասնակցած Իոաննիսյանը եվրոպական երկու կառույցների կարծիքը բացառիկ է համարում․ - «Կարծում էի, որ Վենետիկի հանձնաժողովն ավելի քննադատաբար կմոտենա, բայց նույնիսկ այդ կետերի մասով Վենետիկի հանձնաժողովը հասկացել է, որ հայաստանյան կոնտեքստում դա կարևոր է և նույնիսկ այդ մասով դրական է արձագանքել։ Սա երբևիցե ընտրական ռեֆորմի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի տված ամենադրական մոտեցումն է Հայաստանի մասով»։

Եվրոպական կառույցները ոչ միայն ողջունել են նախաձեռնվող փոփոխությունները, այլև անհրաժեշտ համարել հետագա բարելավումները։ Նաև 5 կետով իրենց դիտարկումներն են ներկայացրել․ մասնավորապես առաջարկում են հեղինակներին վերանայել ընտրական շեմերին վերաբերող դրույթները, որոնք եվրոպական կառույցներին համահունչ չեն թվում։

Առաջարկվող տարբերակով՝ կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8-ի։

Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթի մյուս փոփոխությունները, եթե անգամ մինչև ընտրությունները ընդունվեն, նախընտրական քարոզարշավի ընթացքում, ըստ իշխող ուժի ներկայացուցիչների, հավանաբար չեն կիրառվի։ Սակայն քաղահասարակությունում անհրաժեշտ են համարում, որ որոշ դրույթներ ուժի մեջ մտնեն մինչ հունիս 20-ը սպասվող ընտրությունները։

«Որ գոնե 20-25 օր մենք ունենանք հավասար լուսաբանման կանոն հեռուստատեսություններով, մենք ունենանք հավասար բաշխվածություն բիլբորդերի, մենք ունենանք վարչական ռեսուրսի կիրառման արգելք, մենք ունենանք բարեգործության և քարոզչության մեկտեղման արգելք, մենք ունենանք դահլիճների անվճար տրամադրում կուսակցություններին», - ասաց Իոաննիսյանը։

Նա համոզված է՝ այս փոփությունների դեպքում ընտրություննեն ավելի քաղաքական կլինեն և վերաջպես այդ պարագայում ավելի մոտ կլինի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG