Ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելուց հետո էլ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսում դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցեն արտահերթ ընտրություններին, թե ոչ։
ՀԱԿ-ը երկու շաբաթ առաջ հայտարարել էր՝ անթույլատրելի է ռեյտինգային ընտրակարգով անցկացնել արտահերթը։ Խիստ անհրաժեշտ էր համարել ընտրություններից առաջ վերացնել այդ համակարգը, որն, ըստ կոնգրեսի ծրագրային պայքարը վերածում էր փողատերերի եւ կրիմինալ հեղինակությունների մրցակցության։
Թե քննադատվող ընտրակարգը փոխելը ինչպես է ազդել Կոնգրեսի որոշման վրա, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փակագծեր դեռ չի բացում։ Իսկ ինչ հեռանկար է բացում համամասնական ընտրակարգը այն քաղաքական ուժերի համար, որ ընտրապայքարում ձայներ են ակնկալում ոչ թե փողով ու հեղինակությունների միջոցով, այլ ծրագրերով։
«Ես չեմ կարծում, որ դա ամենակարևոր ցուցիչն է, որով պետք որոշվեն տարբեր քաղաքական ուժերի հնարավորւթյուններն այս ընտրություններում։ Բնականաբար, մեծ տարբերություն կա ռեյտինգայինով է գնում ընտրությունը, թե մաքուր համամասնականով։ Բայց դա ամենակարևոր ցուցիչը չէ։ Ամեն դեպքում, փոփոխության այդ մի տարրը ընդհանուր առմամբ ընտրական պայքարը ավելի շատ է տեղափոխում վարչական ռեսուրսի, կոռուպցիոն ռեսուրսների մրցակցության դաշտից դեպի ավելի գաղափարական մրցակցության դաշտ», - ասում է Զուրաբյանը։
Փակ համամասնականի դեպքում քաղաքացիներն ընտրում են միայն քաղաքական ուժին, իսկ ռեյտինգայինի՝ նաև ընտրացուցակի իրենց ցանկալի թեկնածուին։ Եվ սա ձայն հավաքելու կատաղի մրցակցություն էր ստեղծում թեկնածուների միջև։ Հանրապետականի իշխանության օրոք այդպես էլ չհաջողվեց ազատվել ռեյտինգային համակարգից։ Համամասնականի կողմնակիցները հիմնավորում են, թե այս փոփոխությունը ձեռնտու ընտրակաշառքի, թաղային հեղինակությունների ռեսուրսին ապավինող քաղաքական ուժերին։
Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը զարմանքով է արձագանքում՝ զավեշտ է, որ ծրագրային պայքարից խոսում են իմքայլականները․ - «Ամենամեծ զավեշտը նա է, որ իրենց իսկ բնորոշմամբ ուսապարկերը խոսում են ծրագրային պայքարից։ Ամենամեծ զավեշտը նա է, որ նրանք, ովքեր ասում էին, որ եթե նույնիսկ Կառավարության ծրագրում գրված լինի մի բառ, իրանք կողմ են քվեարկելու, խոսում են ծրագրային պայքարից»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը դեռ դիրքորոշում չունի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն ասում է՝ իրենց օրակարգում այս պահին Փաշինյանի հեռացումն է․ - «Եթե սրանք նախատեսել են ընտրություն կազմակերպել հունիսի 20-ին, ինչպես ասել ա գլխավոր կապիտուլյանտը, ապա ընտրությունից մեկ-երկու ամիս առաջ «ոտի վրա ձեռքի հետ» Ընտրական օրենսգիրք փոխելը ժողովրդավարական ո՞ր չափանիշներին ա համապատասխանում։ Ընտրական օրենսգիրք փոխեն, չփոխեն, ընտրություններում ինչ անեն, ոնց անեն, մեկ ա իրանք պատմության մեջ մնալու են որպես Շուշին ու Հադրութը հանձնող, հողատու իշխանություն»։
Մասնակցությունը ընտրակարգով չէ, որ որոշվելու է։ Երբ օրը պաշտոնապես հայտնի կլինի, ՀՀԿ-ն կհայտարարի, ասում է Շարմազանովը։
Եթե ՀՀՇ-ն այդումենայնիվ որոշի մասնակցել, հաղթելու շանս ունե՞ն՝ հաշվի առնելով, որ առանձին թեկնածուներն այս ընտրակարգի դեպքում մեծ դերակատարում չեն ունենա։ Այս հարցին Շարմազանովն արձագանքեց․ - «Մտահոգվեք ոչ թե Հանրապետականի կամ այս կամ այն քաղաքական ուժի ճակատագրով, ներկաներով ու նախկիններով, այլ մտահոգվեք նրանով, որ կապիտուլյացիայից մի քանի ամիս անց այդ կապիտուլյանտ իշխանությունը դեռ իշխանության ղեկին է»։
Նոր ընտրական համակարգը իշխանության հագով կարված կոստյում է։ Այս կարծիքին է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ «Վերածնվող Հայաստանը» հիմնադրվել է վերջերս, ղեկավարն է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Անդամագրվել են նաև Սյունիքի որոշ համայնքների ղեկավարներ։
Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Առուշանյանը համոզված է, որ իրենց կընտրեն՝ անկախ ընտրական համակարգից։ Գաղափարով էլ մրցակցելու խնդիր չունեն։ Արդեն հայտարարել են, որ «Վերածնվող Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին․ - «Ընտրում են տեսակի, որը չի կարծում, որ Քարվաճառը մեր չի, Շուշին մերը չի։ Մեզ ընտրելով համոզված են մարդիկ, որ մենք էն տեսակն ենք, որը պայքարելու ա իր հողի համար, էն, ինչ որ կորցրել ա, հետ բերի և մեր ժողովրդի անվտանգությունը ապահովի»։
Համամասնական ընտրակարգին անցնելը դրական փոփոխություն է, բայց խնդիրը մասնակի է լուծում, քաղաքական համակարգը բարեփոխելու համար բավարար չէ, կարծում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը․ - «Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, Սահմանադրության փոփոխություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, դատական համակարգի փոփոխություն և ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ամրագրում ու օլիգարխիայի հարցի կարգավորում։ Այս համալիրի մեջ է ծնվելու նոր քաղաքական դաշտ, նոր որակներով»։
Հեղափոխությունից հետո ստեղծված այս քաղաքական ուժը, մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու որոշում չունեն։