Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է` արցախյան պատերազմի և կրած պարտության, այսօրվա իրականության ճարտարապետներն են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բնագավառում ընդամենը ինժեներն է: «Ազատության» հետ զրույցում իրավապաշտպանն անդրադառնում է պատերազմի, Զինված ուժերի մասին վերջին հայտարարություններին:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն» - Պարո՛ն Հարությունյան, կասկածի տակ է դրվում` արդյոք Զինված ուժերը, մասնավորապես Օնիկ Գասպարյանը զեկուցել է, որ վիճակն օրհասական է, բանը բանից անցել է, պետք է արագ դադարեցնել ռազմական գործողությունները:
Վարդան Հարությունյան - Դա պատասխանատվությունից խուսափել է նշանակում: Ես չեմ ցանկանում Օնիկ Գասպարյանին արդարացնել կամ որևէ այլ զինվորականին, կարծում եմ` նրանք բոլորը միասին հավասարաչափ մեղավոր են, որովհետև նրանք են, ըստ էության, մեր գեներալները եղել, նրանք տարիներ շարունակ պետք է տեսնեին այն հնարավորությունները, որ ունի Ադրբեջանը, կամ ձեռք է բերում Ադրբեջանը, և այն հնարավորությունն, ինչ մենք ունենք` սկսած արբանյակներից, վերջացրած հետախուզական տարբեր միջոցներով, ինչ զենքեր և զինամթերք են` ժամանակակից և գերժամանակակից: Մենք այս գեներալներով, Օնիկ Գասպարյաններով և մնացածներով կերտել են ռուսական բանակի մոդելով, 20-րդ դարի բանակ են ստեղծել և պատրաստվում էին Ադրբեջանի ստեղծած 21-րդ դարի վայել բանակին և 21-րդ դարին վայել զինատեսակների դեմ կռվել: Նրանց թվում էր, թե ուռա-հայրենասիրությամբ, թե ավտոմատներով կկարողանան անել այն, ինչ արվեց 94 թվականին, բայց իրականությունը բոլորովին այլ է, և այս իրականության մեջ մենք, իհարկե, պետք է ձախողվեինք և ձախողվեցինք: Բայց Փաշինյանի մեղքը շատ ավելի մեծ է: Երբ Փաշինյանի ելույթի այս հատվածը լսեցի, ես մտովի շատ արագ տեղափոխվեցի 2020 թվականի հուլիս, երբ ինքն իրեն ներկայացնում էր որպես մեծ ռազմական գործիչ և ինչ փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ:
«Ազատություն» - Նկատի ունեք տավուշյան մարտերը՞:
Վարդան Հարությունյան - Այո, տավուշյան մարտերը, եթե դրանք կարելի է անվանել մարտեր, և ինչպես բանակի կեսին բարձրագույն պարգևներ շնորհեց, տարավ, Սարդարապատում դա նշեց: Մի խոսքով, ինքն իրեն արդեն «հայկական Նապոլեոն» էր երևակայում, և հանկարծ այսօր պարզվում է, որ այդ «հայկական Նապոլեոնն» ընդհանրապես կապ չունի պատերազմի հետ, ընդհանրապես տեղյակ չի, և գներալներն են վարել պատերազմը: Պատերազմը պետք է, իհարկե, վարեն գեներալները, Գլխավոր շտաբն է վարում պատերազմը, բայց ինքն անկասկած ունեցել է մասնակցություն:
«Ազատություն» - Վարչապետն ավելի զարգացրեց «միակ մեղավորը ես չեմ» իր թեզը` նախկիններին ասելով կապիտուլյանտներ, դավաճանները դուք եք: Համաձայն չե՞ք, որ իսկապես պարտությունը մեկ օրում կամ, լավ, Փաշինյանի իշխանության այս 2.5 տարում չի ընկել մեր գլին:
Վարդան Հարությունյան - Պատերազմի պատճառը Փաշինյանը չի, պարտության պատճառը Փաշինյանը չի միակ, իհարկե, դա մեր վերջին 20 տարվա քաղաքականության արդյունքն է կամ 22, ես նկատի ունեմ` 98 թվականից այս կողմ ընկած հատվածում Հայաստանի Հանրապետությունը օր առ օր, ժամ առ ժամ մոտեցել է այս պատերազմին` միաժամանակ չհասկանալով պատերազմի լրջությունը, չկարևորելով և չգնահատելով պատերազմի վտանգավորությունը, չխորանալով դրա էության մեջ, թույլ են տվել, որ ունենանք այս կարգի տնտեսություն, այս կարգի բանակ: Ավելին չէինք էլ կարող երևի ունենալ շրջափակված վիճակում, և իհարկե, հանգեցրեցրինք, ըստ էության, այս պատերազմին և այս պարտությանը: Այս պատերազմի և այս պարտության, այսօրվա իրականության ճարտարապետներն են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բնագավառում ընդամենը ինժեներն է: Նրա ձեռքով դրվեց վերջնակետը: Նա որոշեց շարունակել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գիծը, ձգել, դրանից բացի նաև որոշեց խաղալ մաչոյի դեր, որ ինքը, ի տարբերություն ասենք` Սերժ Սարգսյանի, այսպիսի քաջ է, կարող է անել հայտարարություններ, մի խոսքով` իր անհետևողական և հակասական հայտարարություններով, իր պետական գործչին ոչ վայել կեցվածքով արագացրեց պատերազմի սկսելը և պարտության ծանրությունը: Չլիներ իր այդ կեցվածքը, գուցե այլ պարտություն ունենայինք, բայց պարտությունը լինելու էր, չէր կարող չլինել այս պարտությունը:
Ինքը խոսեց նաև իր և իբր թե, իբր գաղտնազերծեց Լևոն Տեր-Պետրոսյանին, 18 թվականին ասած այդ «հողերը պետք է տաս», դա ներկայացրեց որպես գաղտնազերծում: Բայց իրականում գաղտնազերծում չէր, որովհետև Լևոն Տեր-Պերոսյանն այդ միտքն ասել էր բազմիցս 98 թվականից հետո, իսկ 2017 թվականին այդ ծրագրով նա մասնակցում էր նախընտրական արշավին: Նույն խորհուրդը և նույն առաջարկությունն արել է Սերժ Սարգսյանին հրապարակավ, և դա ձևակերպվում է ոչ թե այնպես, ինչպես ձևակերպեց Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից, այլ ձևակերպումից, որ պետք է գնալ զիջումների: Նա զգուշացրել է` գնա զիջումների և կշահես ավելին, քան հնարավոր է: Նրան դա է առաջարկվել, ինքը չի եղել շրջահայաց, չի ունեցել խոհեմություն, ոչ միայն չի ընդունել այդ խորհուրդը, այլև ասել է, որ ինքը որևէ նորություն չլսեց Տեր-Պետրոսյանից, այսօր էլ փորձում է այդ խորհուրդը ներկայացնել որպես «հողերը պետք է տաս» ցածրակարգ ձևակերպմամբ: Ուղղակի ես չէի ցանկանա, որ այդքան անպատասխանատու և այդքան ցածրակարգ լիներ մեր երկրի վարչապետը: Բացի մեզանից, այլ տեղերից նույնպես նրան լսում են և տեսնում են: Ամոթ է ուղղակի:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.