Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ:

Ավելին, Փաշինյանը պնդում է, թե Գասպարյանը հակառակ հայտարարություն է արել։ Մասնավորապես, ըստ Փաշինյանի, նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կկատարի․ - «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։

Փաշինյանը մեջբերում է Գասպարյանի ավելի վաղ՝ դեռ օգոստոսին կայացած Անվտանգության խորհրդի նիստին արած հայտարարությունը․ - «2020 թվականի օգոստոսի 21-ին հավաստիացրել է՝ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»։

Ավելի ուշ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու և իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար։

«Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով» , - ասել է Գասպարյանը։

Արդեն ավելի ուշ՝ Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ենք իմանալու, թե ձեզանից որ մեկն է ճիշտ ասում։ Ապա Փաշինյանին առաջարկեց հրապարակել ձայնագրությունը։ Փաշինյան - Մարուքյան զրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։

Էդմոն Մարուքյանն ասաց․ - «Պարոն վարչապետ, Անվտանգության խորհրդի համապատասխան հատվածի հրապարակման հետ կապված, այո, ես կարծում եմ, ճիշտ կլինի, որ հրապարակվի։ Ինչ վերաբերում է պետական հեղաշրջման Ձեր նշած գործին, օրինակ ես էսպես գիտեմ․ երբ որ Դուք եղել եք ՊՆ բունկերում նոյեմբերի 10-ից հետո, 10-ի գիշերը, և էնտեղ սկսել են մարդիկ գալ, և ցույցեր են սկսվել, Դուք, Օնիկ Գասպարյանի հետ քննարկման արդյունքում, հանձնարարել եք Օնիկ Գասպարյանին հանդիպի քաղաքական ուժերի լիդերներին։ Հիմա պարզվում ա, որ Դուք հանձնարարել եք, որ հանդիպի, խոսի, հետո ասում եք՝ ա՜, դու նրանց հետ խոսել ես, հետևաբար ուզում եք հեղաշրջում անեք․․․ Էդպե՞ս ա, թե՞ էդպես չի, պարոն վարչապետ»։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը․ - «Հանձնարարել եմ, գիտեմ ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել ինձնից Օնիկ Գասպարյանը, ում հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել Օնիկ Գասպարյանը։ Ես դա շատ հստակ գիտեմ, ես դա տարբերում եմ»։

Վերադառնալով 2020 թվականի կառավարության կատարողականին՝ նշենք որ իր զեկույցի մեծ հատված Փաշինյանը նվիրել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Պատասխանեց նրանց կողմից հնչող «կապիտուլյանտ» և «դավաճան» որակումներին․ - «Քոչարյան – Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են-մանրել են Բադեն-Բադեններում։»։

Ելույթի եզրափակիչ հատվածում Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու հարցը։ Այս համատեքստում Փաշինյանը արձանագրեց, որ Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Նա խոսեց Սյունիքում ռուսական ռազմաբազայի մասին․ - «Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա։ Եվ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»։

Հարցերի համար հերթագրված 28 պատգամավորիների թվում ԲՀԿ-ականեր չկային։ Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը հարցեր հնչեցնելուց առաջ ընդգծեցին, որ Փաշինյանը խոսում է բոլորի, առաջին հերթին նախկինների սխալներից, սակայն չի խոսում պարտության մեջ իր դերից ու ապագայի անելիքներից։

Նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը հետաքրքվեց՝ ճի՞շտ է արդյոք հայտարարությունը, թե Փաշինյանը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զոհրահավաքը։ Փաշինյանը այդ հայտարարաւոյթունը անհեթեթ որակեց։

Այդ մասին պատերազմից հետո իր առաջին մեծ ասուլիսին հայտարարել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Հերքելով վերջինիս՝ Փաշինյանը նրան մեղադրեց նաև Արցախի հյուսիսային՝ 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ․ - «Եվ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ օրումեջ հարցազրույց ա տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք ում կնոջը, էդ մարդը ընդհանրապես, կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ ունի և բազմաթիվ բարդույթներ ունի։ Եվ ինքը դեռ շատ հարցերի պիտի պատասխանի»։

Մովսես Հակոբյանը ևս լրագրողների հետ զրույցում արդեն հերքել է Փաշինյանի հայտարարությունը՝ այն սուտ որակելով։

«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը հարց հնչեցրել բանակցային գործընթացում Փաշինյանի սխալների մասին և մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ - «Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, հապա ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը հայտարարել, որ Դուք ազգակործան պատուհաս եք»։

«Ես հիմա գաղտնիք բացեմ։ Ինչ ա ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին։ Մեջբերում՝ հողերը արդեն պետք է տաս։ Մեջբերման ավարտը։

Ընդդիմադիր Անի Սամսոնյանի առաջարկով Փաշինյանն անդրադարձավ նաև օրերս Բաքվից ժամանած դարտարկ օդանավին։ Պատգամավորին հետաքրքում էր գերիների վերադարձի ինչ նոր պայմանավորվածություն կար և ինչու դա չպահպանվեց․ - «Ձեր գործընկերը՝ կա՛մ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պիտի պաշտոնազրկվեր, կա՛մ խոսնակը պիտի պաշտոնազրկվեր, կա՛մ Ձեր մամուլի խոսնակները պիտի պաշտոնազրկվեին»։

«Իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտավորությունները», - արձագանքեց վարչապետ Փաշինյանը։

Խոսելով պատերազմի ընթացքում զոհերի թվի մասին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքների և ԴՆԹ նույնականացման գործընթացների ավարտից հետո ենթադրվում է, որ պատերազմի ընթացքում զոհերի թիվը կլինի շուրջ 4000։ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը։

XS
SM
MD
LG