Ի պատասխան Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը որոշ պնդումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
Ըստ այդմ՝ նշելով, որ դեռ նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել է 2020-ի հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին Հայաստանի վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և զինուժի կարողություններ, ԱԽ գրասենյակն այսօր հայտնել է՝ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին Օնիկ Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել)։
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը՝ պատերազմի 4-րդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին, ԱԽ գրասենյակը ներկայացրել է Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ․ - «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. - «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Սույն պարզաբանման համատեքստում ԱԽ գրասենյակը ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի 2020-ի օգոստոսի 21-ի նիստի արձանագրությունը, որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... » հավելելով, որ՝ « ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »:
«Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ», - ասված է ԱԽ այսօրվա հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կոմիղ կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։
Նշենք, որ այս հայտարարությունից մեկ ամիս անց «Ազատության»-ը տված հարցազրույցում Փաշինյանը չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել։ Սակայն երեկ վարչապետը խորհրդարանի ամբիոնից հերքեց Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունը․ - «Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի»։