Մատչելիության հղումներ

«ԱԽ-ի սևացրած զեկույցը չի վկայում, որ Օնիկ Գասպարյանը չի առաջարկել 4-րդ օրը դադարեցնել պատերազմը». ընդդիմադիր պատգամավորներ


Որպես Փաշինյանի երեկվա հայտարարության ապացույց, Անվտանգության խորհուրդն այսօր հրապարկել է գաղտնազերծված փաստաթուղթ, ըստ որի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի նիստում չի զեկուցել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Ընդհակառակը, ըստ հրապարակված փաստաթղթի, որի մեծ մասը սևացրած է, Գասպարյանը պնդել է, որ բանակն իր առջև դրված խնդիրը կկատարի մինչև վերջ, և որ մի քանի ուղղություններով հայկական ուժերը ջախջախել են հակառակորդին։

Հրապարակվել են ճիշտ այն նախադասությունները, որ երեկ խորհրդարանի ամբիոնից որպես անհերքելի ապացույց հնչեցրել է Փաշինյանը։

Սա ուղղակի զավեշտ է, ասում է Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ - «Ես շատ ցավում եմ, որ մեր երկիրը իջել է այն աստիճանի, մենք կորցրել ենք անվտանգության մեր բարձիկները, որ Անվտանգության խորհրդի նիստը անգամ սղագրում են ըստ ճաշակի, ըստ հայեցողության և ըստ Նիկոլ Փաշինյանի քիմքի։ Ծիծաղելի է․․․ Այսինքն՝ սևացրած հատվածներ և պոկած մտքեր, որպեսզի մտքերը համահունչ լինեն Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Ինչ ասեմ․․․ զավեշտ է»։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Գրեթե ամբողջությամբ սևացրած տեքստը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին էլ չի համոզում, որ Փաշինյանը ճշմարտությունն է ասել Ազգային ժողովում․ - «Տեքստի 90 տոկոսը ծածկված սղագրությունը բնավ չի խոսում այն մասին, որ դա կարող է հավաստիացնել, որ Օնիկ Գասպարյանը նաև չի ասել այդ նույն տեքստի մեջ այն, ինչի մասին խոսակցությունը գնում է։ Կամ ընդհանրապես դա ի՞նչ արձանագրություն է և ո՞ր նիստից է։ Էս առումով արդեն ամբողջությամբ վստահության ճգնաժամ կա իշխանության կողմից արված հայտարարությունների հետ կապված, որովհետև մի հայտարարությունը միշտ հակասում է մյուսին»։

Արձագանքելով Փաշինյանին՝ Գասպարյանը երեկ վերահաստատել է իր հայտարարությունը և վարչապետին մեղադրել իրականությունը խեղաթյուրելու եւ հանրությանը մոլորեցնելու համար։ Գլխավոր շտաբի նախկին պետը չի բացառում, որ Փաշինյանի խոստացված ձայնագրությունն իշխանությունը կկեղծի ու կներկայացնի ցանկալի տարբերակով։

Վարչապետը երեկ ընդդիմադիր Մարուքյանին առաջարկում էր անձամբ լսել անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը եւ համոզվել։ Մարուքյանն էլ այսօր պահանջեց հրապարակել այն։

Մինչդեռ Փաշինյանը Գասպարյանի հայտնի հայտարարությունից մեկ ամիս անց «Ազատության» հետ հարցազրույցում պատմում էր, թե ինչ հետևություններ են արել Գլխավոր շտաբի պետի նույն զեկույցից, և ոչ մի բառ այն մասին, որ այդպիսի առաջարկ չի արվել և Գլխավոր շտաբի պետը ստել է․ - «Մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել։ Միջոցներ ենք ձեռնարկել սպառազինությունը մեր համալրելու ուղղությամբ»։

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Փաշինյանը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին նոյեմբերի 17-ի աղմկահարույց հայտարարությունից րոպեներ անց կբանտարկեր, եթե դա սուտ լիներ, համոզված է «ԲարգավաՃ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ - «Եթե Օնիկ Գասպարյանը այդ հայտարարությունը անելիս սուտ լիներ, երեք վայրկյան հետո Օնիկ Գասպարյանը ԱԱԾ-ի կողմից կկալանավորվեր և առ այս պահը կլիներ ԱԱԾ մեկուսարանում, որովհետև նման կարգի սուտը կգնահատվեր որպես պետական դավաճանություն»։

Փաշինյանի հերքումը ոչ թե թեման փակել է, այլ քաղաքական դաշտը կրկին փոթորկել է։ Նոր ու բազմաթիվ հարցեր են ծագել վարչապետի հերթական հակասական հայտարարություններից։ Եթե Գլխավոր շտաբի պետը ստել է, ինչո՞ւ է Փաշինյանը վեց ամիս լռել և դրա մասին հիշել միայն Գասպարյանի պաշտոնանկությունից հետո, իսկ գեներալ Գասպարյանը պաշտոնից ազատվեց վարչապետի հրաժարականը պահանջելու պատճառով։

Նաիրա Զոհրաբյանը չի վստահում Փաշինյանի խոստացած փաստերին․ եթե անգամ ձայնագրություն հրապարակի, կեղծելու է։ Նա ամեն ինչի ընդունակ է, այն էլ ընտրություններից առաջ, որպեսզի պատերազմի ամբողջ մեղքը բարդի պաշտոնաթող գեներալների վրա․ - «Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը փակուղու մեջ է։ Եթե անգամ ինքը հիմա հրապարակի ձայնագրություն, նշանակում է ինքը պարտակել է պետական դավաճանությունը, պետական հանցագործությունը»։

XS
SM
MD
LG