Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին առաջարկում են վերսկսել երկխոսությունը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` դեռևս գոյություն ունեցող խնդիրները լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար:

Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին և Իգոր Պոպովը երեկ ուշ երեկոյան տարածած համատեղ հայտարարությամբ նախ գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման, զոհերի աճյունների վերադարձի, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության, տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացի կապակցությամբ։

Դիվանագետները միևնույն ժամանակ թվարկել են խնդիրները, որոնք շարունակում են մնալ չլուծված․ բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձ, ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, այդ թվում`միջազգային կառույցների համար։

«Հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին քաջ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա», - ընդգծել է Մինսկի խումբը՝ նկատի ունենալով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում՝ ազգերի ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն։

Համանախագահները կոչ են անում կողմերին՝ որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո՝ կրկնելով իրենց առաջարկությունն ուղիղ երկկողմ խորհրդատվությունների կազմակերպման մասին։

Երևանն ու Բաքուն առայժմ չեն արձագանքել միջնորդների առաջարկներին։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո կողմերը տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն ունեն Մինսկի խմբի հետագա գործունեության և առաքելության հետ կապված․ Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը համարում են կարգավորված և պնդում, որ համանախագահները այլևս անելիք չունեն, Հայաստանը մինչդեռ պատերազմից հետո չի թաքցնում ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու շահագրգռվածությունը։

Բացառապես Մոսկվայի միջնորդությամբ և փաստացի առանց Մինսկի խմբի մասնակցության Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածություններից հետո միջնորդները (այն էլ առանց ռուսաստանցի համանախագահի), տարածաշրջան են այցելել ընդամենը մեկ անգամ։ Նրանք հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, ևս մեկ անգամ էլ տեսակապով քննարկում ունեցել արտգործնախարարների հետ։

Արյունալի պատերազմի ավարտից, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո համանախագահները մինչ օրս չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, փոխարենը՝ Բաքու կատարած նրանց այցը սկանդալային ընթացք ստացավ, ինչից հետո է՛լ ավելի սուր դրվեց միջնորդների հետագա գործունեության հարցը։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հյուրերին հիշեցրել է, որ վերջիններս ժամանել են սեփական նախաձեռնությամբ և ոչ իր հրավերով: Մոտ կես ժամ տևած իր խոսքում Ադրբեջանի առաջնորդը մեղադրանքեր էր հնչեցրել Մինսկի խմբի հասցեին, պնդելով, որ Բաքուն խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ միջնորդները շուրջ երեք տասնամյակ ոչինչ չեն արել։

Արդյո՞ք պատերազմից հետո ԵԱՀԿ միջնորդներն անելիք ունեն

Միջազգային մանդատ ունեցող այդ հարթակի 28 տարվա գործունեության արդյունավետությունը միայն Ադրբեջանի առաջնորդը չէ որ կասկածի տակ է դնում։ Մի խումբ դիվանագետներ, փորձագետներ այս օրերին հարց են հնչեցնում՝ ինչո՞ւ պատկառելի և հեղինակավոր կարգավիճակ ունեցող խմբին չհաջողվեց հասնել բեկումնային հաջողությունների, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը, և արդյո՞ք Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ունեն անելիք միջնորդները։

Ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից մեկի՝ 2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում մի քանի ամիս համանախագահ աշխատած Ռիչարդ Հոգլանդի խոսքերով՝ միջնորդները արդյունավետ էին աշխատում հակամարտող կողմերի միջև երկխոսությունը պահպանելու հարցում, բայց՝ ոչ ավելին։ Այդ մասին ծավալուն հոդվածում դիվանագետը շեշտում է, որ հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Մինսկի խմբի կամ նույնիսկ հակամարտող կողմերի ձեռքում էր, այլ բացառապես Մոսկվայի։

«Եթե Մինսկի խումբը ներկայացներ նույնիսկ ամենանոր և խելացի գաղափարը, միևնույն է, այն կյանքի չէր կոչվի»,- խոստովանել է ամերիկացի նախկին համանախագահը՝ ակնարկելով, որ որոշողը Ռուսաստանն էր։

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ միջնորդական խումբն այս փուլում կարող է օգտակար լինել տարածաշրջանային նախագծերի իրականացման հարցերում․ կառույցը կարող է համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան և ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, վերջերս խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել էր, թե վերջնական կարգավորման հարցում Մինսկի խմբի դերը կարող է առանցքային լինել, «եթե իհարկե Երևանն ու Բաքուն ցանկանան լիազորել միջնորդներին՝ հասնելու համաձայնության»։

Մոսկվայում ևս կարծում են, որ համանախագահները կարող են օգտակար դեր խաղալ։ «Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - վերջերս հայտարարել էր Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տասնամյակներ շարունակ հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ, Մինսկի խմբի նոր առաքելությունը հիմնականում տեսնում է հումանիտար ոլորտում։

Ըստ հեղինակավոր փորձագետների՝ Մինսկի խմբի համանախագահները կարող են զբաղվել պատերազմում տուժածների պայմանների բարելավման, հետպատերազմական գոտում մարդու իրավունքների խնդիրների ուղղությամբ, նպաստել տարածվող կողմնակալ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG