Երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր՝ հունական կղզիներում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խորհրդարանում է՝ ներկայացնելու Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Ներկայացնելով 2017 թվականին արված մի վերլուծություն՝ ֆինանսավորված այն ժամանակ գործող իշխանությունների կողմից՝ Փաշինյանը նշեց՝ կրիտիկական ենթակառուցվածների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը պայմանական միավորով 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Կրկին վկայակոչելով այդ վերլուծությունը՝ վարչապետը նշեց՝ Հայաստանում ռազմաարդյունաբերական համակարգը սկսել է ձևավորվել 2016 թվականի ապրիլից, Ադրբեջանից 11 տարի ուշացումով։
«2017 թվականին Ադրբեջանն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչև էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչև անգամ Զինված ուժերում», - հայտարարեց Փաշինյանն՝ ընդգծելով․ - «Մենք պետք է արձանագրենք, որ մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։ Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որի իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն՝ առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ, և ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի»։