«Եթե Ամերիկայի՝ Հարավային Կովկաս վերադարձի համար կա ավելի հարմար պահ, ապա դա հիմա է՝ թե՛ խոսքով, և թե՛ գործերով», - ամերիկյան հեղինակավոր Newsweek հանդեսում այս մասին են գրում Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն ու ադրբեջանցի ակտիվիստ ու լրագրող, ընդդիմադիր Meydan TV կայքի հիմնադիր Էմին Միլլին։
«Երբ անցած տարվա աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում առկա լարվածությունը վերաճեց պատերազմի, ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերում ներգրավված չէ», - գրում են հայ և ադրբեջանցի վերլուծաբանները՝ իրենց համատեղ հոդվածում հիշեցնելով, որ պատերազմի ողջ ընթացքում թե՛ ամերիկացիների, թե՛ եվրոպացիների՝ խաղաղություն հաստատելու ջանքերը նշանակալի բնույթ չէին կրում։
«Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով։ Թուրքիան այս հակամարտության ընթացքում ևս մեկ կարևոր արտաքին խաղացող էր, որը, Ադրբեջանի դաշնակից հանդիսանալով, այնուհանդերձ համագործակցեց Մոսկվայի հետ՝ դրդելով պատերազմող կողմերին վայր դնել զենքերը», - նշում են Newsweek-ի հոդվածագիրները։
Արման Գրիգորյանի և Էմին Միլիի համոզմամբ, սակայն, այսօր ռազմական գործողությունների ավարտից ամիսներ անց, եկել է մի պահ, երբ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում։
«Մոսկվան, Թուրքիայի հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղում ծավալված խաղաղապահ առաքելության ընթացքում կարող է և կենտրոնական դերակատարություն ստանձնել, սակայն, Միացյալ Նահանգներն է, որ հայերի և ադրբեջանցիների համար վստահելի գործընկեր հանդիսանալով և այլոց համեմատ ավելի մեծ կարողություններով օժտված լինելով, ի վիճակի է ներգրավվել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ նպաստելով դրանց հաջողությանը», - գրում են Newsweek-ի հեղինակները՝ հատուկ ընդգծելով, որ այդ հաջողությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ներգրավված պետությունները իրենց հակասություններն այլ տարածաշրջաններից չտեղափոխեն Հարավային Կովկաս։
«Միացյալ Նահանգների ներգրավումը Հարավային Կովկասում չպետք է մրցակցային լինի։ Տարածաշրջանում ներգրավված մյուս կարևորագույն պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ մրցակցությունը միայն կխաթարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Միայն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ ձեռնարկած ներդաշնակ գործողություններով է հնարավոր կանխել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ևս մեկ սրացումը՝ հրադադարը վերածելով երկու կողմերի համար փոխշահավետ տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի՝ նախագծերի, որոնք կնպաստեն կողմերի միմյանցից կախվածությանը և կվերականգնեն խզված միջհամայնքային կապերը», - նշում են Գրիգորյանն ու Միլլին։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում կարող են և խնդիրներ լինել, սական դրանց առկայությունը չի բացառում համագործակցությունը ռազմավարական կարևորություն ունեցող այլ ասպարեզներում», - նշում են Newsweek-ի հեղինակները՝ հավելելով․ - «Մեր համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նման ասպարեզներից մեկն է։ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները պետք է ըմբռնեն, որ կարծր քաղաքականություն որդեգրելու նպատակով իրենք չեն կարող խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա, քանի որ դրան կհաջորդի տարածաշրջանում ներգրավված բոլոր արտաքին դերակատարների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների միասնական հակազդեցությունը», - նշում են հոդվածի հեղինակները։
Արման Գրիգորյանի և Էմին Միլլիի համոզմամբ, Վաշինգտոնը Հարավային Կովկասում ոչ միայն քաղաքական, այլև մարդասիրական ու տնտեսական լուրջ դերակատարություն պետք է ստանձնի՝ մասնավորաբար օժանդակելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը, խրախուսելով ամերիկյան մասնավոր ընկերությունների ներդրումները տարածաշրջանում՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով այնպիսի համատեղ նախագծերի համար, որոնցում ներգրավված կլինեն հայկական և ադրբեջանական ընկերությունները։
Բացի այդ, Newsweek-ում հրապարակված այս հոդվածի հեղինակները առաջարկում են հատուկ դրամաշնորհներ տրամադրել պատմության, մասնավորաբար, հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության պատմության ուսումնասիրությունների համար, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա «ինտելեկտուալ դաշտում պայքարել այն ուժերի գերակայության դեմ, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներից ելնելով»։
Բացի այդ, հոդվածի հեղինակները կոչ են անում Վաշինգտոնում գործող Երևանի և Բաքվի լոբբիստներին այսուհետ որոշակի զսպվածություն ցուցաբերել։
«ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ իրենց պետք է շատ պարզ մի հարց տան՝ արդյո՞ք իրենք օգնում են Հայաստանին և հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման գործին, երբ ամեն հարմար առիթով հանդես են գալիս Ադրբեջանի դեպ պատժիչ գործողություններ ձեռնարկելու կոչերով։ Ադրբեջանի՝ Վաշինգտոնում գործող ավելի քիչ տեսանելի, սակայն ոչ պակաս հետողական կողմնակիցները ևս նմանատիպ մեկ այլ հարց պետք է հնչեցնեն՝ եթե Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերը անհամատեղելի ներկայացնելու գործում իրենք հաջողության հասնեն, արդյո՞ք դա կնպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատմանը»։
Ամեն դեպքում, ըստ Արման Գրիգորյանի և Էմին Միլիի, այժմ Հարավային Կովկասը որոշիչ մի փուլում է գտնվում, որի ընթացքում ԱՄՆ դերակատարությունը կարող է խիստ կարևոր լինել՝ հաշվի առնելով նաև այն հագնամանքը, որ խաղաղության հաստատման գործում Հայաստանն ու Ադրբեջանը օգնության կարիք կունենան։
«Վերջին իրադարձությունները եկան վկայելու, որ Հարավային Կովկասում շարունակական անկայունությունը չի նպաստում ոչ ԱՄՆ հեղինակության, ոչ էլ դրա ազդեցության աճին։ Բայդենի վարչակազմը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ Միացյալ Նահանգների Հարավային Կովկաս վերադարձի համար», - Newsweek-ում հրապարակված հոդվածում նշում են Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն ու ադրբեջանցի ակտիվիստ Էմին Միլլին։