Մատչելիության հղումներ

ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար


Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը երեկ երեկոյան հանդիպել է պատերազմի ընթացքում գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին, հայտնում են ՊՆ-ից:

Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին: ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում` պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհետ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ, ինչպես և նախորդ օրը 44-օրյա պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները մեքենաներով փակել էին Պաշտպանության նախարարության համալիրի բոլոր մուտքերը։

Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մոտենան իրենց և ոչ թե առանձին հանդիպումների հրավիրեն։

XS
SM
MD
LG