Մատչելիության հղումներ

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները արգելափակել են Պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը


44-օրյա պատերազմում անհայտ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները արդեն երկու օր է մեքենաներով փակ են պահում Պաշտպանության նախարարության համալիրի բոլոր մուտքերը։

Նրանք պահանջում են, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մոտենան իրենց, և ոչ թե առանձին հանդիպումների հրավիրեն։

Կեսօրից հետո իրավիճակը սրեց անհետ կորածների հարազատների շրջանում տարածված տեղեկությունը, թե որևէ պաշտոնյա չի գալու հանդիպման։

Քանի դեռ նախարարության մուտքերը փակ էին, աշխատակիցները՝ ներսում, մի քանի անգամ ուղղաթիռ մոտեցավ ու վայրէջք կատարեց նախարարության տարածքում, մեծ թվով անձինք էլ խմբված էին ուղղաթիռի մոտ։ Սա ևս առաջացրեց հավաքվածների դժգոհությունը։

«Չդիմացա՞ն մի գիշեր առանց իրանց էրեխեքի։ Թող տենց վերտալյոտով գնային մեր էրեխեքին բերեին», - վրդովված ասում էր մի կին։

Ավելի ուշ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ժամանեց նախարարություն։ Նախ ծնողների հետ առանձին զրուցեց, հետո ներս գնաց՝ ծնողների պահանջը փոխանցելու։ Կես ժամ անց ոստիկանապետը ծնողներին փոխանցեց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առաջարկը՝ հանդիպումը կազմակերպել 10-հոգանոց խմբերի հետ։

«Քանի ժամ պըտի էդ 10-10-ին ընդուներ ինքը։ Կարող ա առաջին տասին ընդունում ա, մյուս տասին ասում ա՝ կներեք, էլի, գերագույն գլխավոր հրամանատարը կանչել ա, պըտի էթամ իրանց մոտ․․․ Հրաժարվում ենք։ Եթե բոլորին կընդունի՝ կգնանք։ Եթե չէ՝ մենք չենք ուզում», - ասաց ծնողներից մեկը։

Առաջարկը մերժվեց, ոստիկանապետը կրկին ներս գնաց՝ որոշումը փոխանցելու։ Քիչ անց, ծնողների պահանջը բացվարարվեց, 54 ծնող ներս մտավ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպման։

Թե կոնկրետ ինչ հարցեր ու պահանջներ են ներկայացնելու, ծնողները մանրամասնել չցանկացան։

Անհայտ կորած զինծառայողների ծնողները նաև մարտի 11-ին էին շրջափակել նախարարության մուտքերը՝ նախարարի հետ հանդիպում պահանջելով։ Հանդիպումից հետո ասացին, որ իրենց բավարարող պատասխան են ստացել։ Իսկ երեկ՝ հայտարարեցին, որ իրենց տրված խոստումը չկատարվեց, և այս անգամ ավելի վճռական են տրամադրված։

Արդյո՞ք հարազատների պահանջները կապված են որոնողական աշխատանքների հետ, սա ևս չի հստակեցվում։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1539 աճյուն։

XS
SM
MD
LG