Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետն անընդունելի է համարում Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաների պահվածքը


Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի, արխիվ
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի, արխիվ

Իտալիայի վարչապետն անընդունելի է համարում Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաների պահվածքը։

Խոսելով արարողակարգային սկանդալի մասին, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար աթոռ դրված չէր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողքին, և Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր զրույցը վարել բազմոցին նստած, Մարիո Դրագին հայտարարել է․ - «Իմ կարծիքով, թուրք պաշտոնյաների պահվածքն անընդունելի էր, և ես շատ ցավում եմ այն ամենի համար, ինչ ստիպված էր տանել նախագահ ֆոն դեր Լայենը»:

«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, մենք պետք է համագործակցենք այդ բռնապետերի հետ, բայց դա չի խանգարում մեզ ազնիվ մնալ տեսակետներ, կարծիքներ արտահայտելու հարցում, ու նաև այն մասին, թե ինչպես պետք է զարգանա հասարակությունը», - ընդգծել է Իտալիայի վարչապետը։

Անկարան արդեն հայտարարել է, թե Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Էրդողանի հանդիպման ընթացքում հետևել է Եվրամիության պաշտոնական արարողակարգի պահանջներին, և Իտալիայում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար:

XS
SM
MD
LG