Մատչելիության հղումներ

Անկարայում` Էրդողանի հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահին աթոռ չի տրամադրվել


Անկարայում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Եվրամիության երկու երկու առաջնորդների բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չի տրամադրվել։

Էրդողանն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցելու համար նստել են իրար մոտ դրված երկու բազկաթոռներին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահը նստել է որոշ հեռավորության վրա գտնվող բազմոցին։ Նրա դիմաց, մեկ այլ բազմոցի վրա տեղավորվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այսօր Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը մեկնաբանել է Անկարայում ցուցաբերված արարողակարգային նման մոտեցումը:

«Նախագահը (Ուրսուլա ֆոն դեր Լայենը) ակնհայտորեն զարմացած էր, և դա երևում է տեսանյութում։ Բայց թույլ տվեք ինձ պարզաբանել, որքան էլ նա զարմացած էր, նա նախընտրեց, և կարծում եմ դա ճիշտ մոտեցում էր, նա նախընտրեց առաջնահերթությունը տալ հանդիպման բովանդակությանը, այլ ոչ թե արարողակարգին», - ասել է մամուլի խոսնակը։

Թուրքիայի կառավարությունից որևէ մեկնաբանություն չկա Եվրամիության առաջնորդների ընդունելության նման արարողակարգի վերաբերյալ։

Անցյալում, երբ Թուրքիայի նախագահն է ժամանել Բրյուսել, բանակցությունների սենյակում երեք բազկաթոռ է դրվել՝ նրա, Եվրամիության խորհրդի նախագահի ու Եվրահանձնաժողովի նախագահի համար։

Անկարայում երեկ կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Էրդողանը չի մասնակցել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասել էր․ «Մենք մեր ձեռքն ենք մեկնում, և հուսով ենք՝ Թուրքիան իր հերթին պատասխան քայլեր կանի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG