Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունն անկարող գտնվեց ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում, արձանագրում է Amnesty International-ը


Amnesty International-ի տարբերանշանը
Amnesty International-ի տարբերանշանը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020-21 թվականների զեկույցը, որի հայաստանյան բաժնում մեծ տեղ է հատկացվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է արյունալի պատերազմը, որը դադարեցվել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ին համաձայնեցված եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությամբ:

Դրանով հակամարտության գոտում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, Ադրբեջանը հսկողության տակ է վերցրել հայկական ուժերի կողմից 1990-ականների սկզբին գրավված տարածքները, Շուշին, ինչպես նաև Հադրութի շրջանը:

Ղարաբաղի մյուս շրջանները մնացել են ռուս խաղաղապահներից մեծ կախման մեջ հայտնված տեղական հայկական փաստացի (de facto) իշխանության հսկողության ներքո:

Պարտությունը Հայաստանում հրահրել է ծանր քաղաքական ճգնաժամ, տեղի են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր, նոյեմբերի 12-ին ընդդիմադիր 12 գործիչներ ձերբակալվել են զանգվածային անկարգություններ հրահրելու և գլխավորելու համար, նշված է զեկույցում։

Ամբոխները հարձակվել են կառավարական շենքերի և պետական գործիչների կացարանների վրա, դաժան ծեծի է ենթարկվել խորհրդարանի խոսնակը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղից փախուստի է դիմել շուրջ 90 հազար բնակիչ: Մարդկանց զանգվածային տեղահանումն է՛լ ավելի է սրել կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Amnesty International-ի զեկույցում տեղ գտած եզրահանգումները շատ առումներով համընկնում են մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հրապարակած Աշխարհում մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում ներկայացված գնահատականներին:

Մասնավորապես, ըստ Amnesty-ի զեկույցի, թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ընթացքում ռմբահարել և հրթիռակոծել են խիտ բնակեցված թաղամասեր, կիրառել են միջազգային օրենքներով արգելված կասետային արկեր: Դրանց հարվածների տակ են հայտնվել Ստեփանակերտը և Բարդան:

Կողմերը, համաձայն զեկույցի, կատարել են պատերազմի հանցագործություններ, այդ թվում՝ գերեվարված զինվորականների և խաղաղ բնակիչների ապօրինի և դաժան սպանություններ, ինչի մասին վկայում են տասնյակ տեսագրություններ:

Զեկույցում ասվում է, որ իշխանությունները սահմանափակել են խաղաղ հավաքներ կազմակերպելու մարդկանց իրավունքը և խոսքի ազատությունը:

Այդ որոշումները կայացվել են նախ կորոնավիրուսի համավարակը և դրա հետ կապված խուճապ առաջացնող տեղեկատվության տարածումը զսպելու նպատակով, իսկ աշնանը նոր սահմանափակումներ են մտցվել նաև պատերազմի կապակցությամբ:

Լրատվամիջոցները ստացել են խուճապ առաջացնող տեղեկատվություն չհրապարակելու կարգադրություն, որը ենթարկվել է խիստ քննադատության տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերի կողմից և ի վերջո չեղարկվել է:

Պատերազմը և կորոնավիրուսը ծանր հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը և առողջապահության համակարգին, իսկ արդարադատության համակարգի բարեփոխումները գործնականում կանգ են առել՝ մասամբ իրենց մասնատված բնույթի և մասամբ էլ՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու իշխանության անկարողության պատճառով, արձանագրում է Amnesty International-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG