Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված ռազմական գործողությունների ընթացքում պատերազմի հանցագործություններ են կատարել և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը:
Ըստ Amnesty International-ի, դրա մասին են վկայում հակառակորդին գլխատելու, կոկորդը կտրելու, սպանված հակառակորդի դիակները պղծելու և նմանօրինակ արգահատելի արարքների մասին վկայող տեսագրությունները:
Amnesty International-ը նշում է, որ ընդհանուր հաշվով վերլուծել է ապօրինի մահապատժի, գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և դիակները պղծելու փաստերն ապացուցող 22 տեսագրություն:
Այդ բոլոր արարքները կատարվել են միտումնավոր և նպատակ են ունեցել առավելագույն վնաս պատճառել զոհերին և ստորացնել նրանց արժանապատվությունը:
Amnesty International-ը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պարտավոր են անկախ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել այդ արարքների հեղինակներին:
Ըստ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի, պատկան ոլորտների մասնագետները հաստատել են, որ տեսագրությունները մոնտաժված չեն և վկայում են իրականում կատարված հանցագործությունների մասին:
Տեսագրություններում պատկերված փաստերի իսկությունը հաստատել է նաև Amnesty International-ի կողմից հրավիրված անկախ դատաբժիշկը: