Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում խոշտանգումները Ադրբեջանում թշնամանքի պետական քաղաքականության մաս էին, շեշտում է ՄԻՊ-ը


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած զեկույցը 2020 թվականին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին: Պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին, մասնավորապես 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին:

Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի` 44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ապօրինի մահապատիժներ են իրագործել: Կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիմանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ զեկույցին դեռ չի ծանոթացել, բայց կարող է պնդել իր տեսակետը՝ ի տարբերություն Հայաստանի` պատերազմի ընթացքում խոշտանգումները Ադրբեջանում ատելության ու թշնամանքի պետական քաղաքականության մաս էին։ Թաթոյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է պատժվի. «Խոշտանգումները, գլխատումները և այլն, դրանք ոչ թե առանձին վերցված Ադրբեջանի զինվորների իրարից անկախ խախտումներ են, օրինակ, գլխատումները և այլն, դրանք կազմակերպված պետական քաղաքականության, ատելության և թշնամանքի քաղաքականության մաս են եղել: Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք ատելության քաղաքականություն Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ չի վարել, իսկ Ադրբեջանը հատկապես 2003 թվականից, երբ գործող նախագահը եկավ իշխանության, ինքն էլ է որովհետև իր ելույթներում նշում, ինքը միանգամից սկսեց այդ ատելության կազմակերպված քարոզը»:

Պատերազմի ընթացքում հայկական կողմը ահազանգել էր, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զինատեսակ է կիրառում։ Պաշտոնական Բաքուն հերքել էր այս մեղադրանքը, ավելին՝ հայկական կողմին մեղադրել նույն բանի համար։ Միևնույն ժամանակ հեղինակավոր Amnesty International-ը հայտարարել էր՝ իրենց փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։ Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։

Պետդեպարտամենտի զեկույցում վկայակոչվում են պատերազմի օրերին և հետո փաստահավաք առաքելություն իրականացրած Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունների զեկույցները կողմերի ապօրինի գործողությունների մասին, մասնավորապես նաև արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ։ Օմբուդսմենը արգելված զինատեսակաների օգտագործման վերաբերյալ ասաց. «Այդ մասով դա քաղաքական մի քիչ գնահատականներ են, ես փաստահավաք աշխատանքները չեմ արել, ասենք փաստահավաք աշխատանքները Ադրբեջանում, կոպիտ ասած, ես դրա համար կարող եմ մերը ասել. Հայաստանի Հանրապետության, Արցախի նկատմամբ, բնակչության նկատմամբ այդ խախտումները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եղել են կազմակերպված քաղաքականության ու թշնամանքի մաս»:

XS
SM
MD
LG