Մատչելիության հղումներ

Այսօր Թուրքիա կժամանեն Եվրամիության ղեկավարները


 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ընդունում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 9-ը մարտի, 2020թ․
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ընդունում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 9-ը մարտի, 2020թ․

Այսօր Թուրքիա կժամանեն Եվրամիության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ներկայացուցչական այս պատվիրակության նպատակն է հարթել վերջին ամիսներին սրված տարաձայնություններն ու նոր ուղիներ գտնել երկկողմ կապերը սերտացնելու համար։

«Թուրքիան գերակա ուղղություն է մեզ համար», - այցից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով․ - «Մենք Եվրամիության անդամ երկրների հետ պատրաստ ենք Անկարային կոնկրետ առաջարկներ ներկայացնել՝ առավել կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալու համար»։

Թուրքիային քաջալերելու նպատակով, մասնավորապես, եվրոպացի դիվանագետները խոստանում են հավելյալ միջոցներ տրամադրել սիրիացի փախստականների համար, արդիականացնել մաքսային միությունն ու վերսկսել բանակցությունները Անկարայի հնարավոր անդամակցության շուրջ։ Բրյուսելում, միաժամանակ, ընդգծում են՝ ընդառաջ կգնան միայն մեկ պայմանով՝ եթե Թուրքիան փոխի իր սադրիչ քաղաքականությունը, հատկապես՝ Հունաստանի հարցում։

«Եթե Թուրքիան կառուցողական դիրքորոշում չորդեգրի՝ վերադառնալով միակողմանի գործողություններին կամ սադրանքներին, մասնավորաբար՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ապա մենք անկասկած կսառեցնենք համագործակցությունը», - անցած շաբաթ՝ Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովից հետո հայտարարում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը։

«Եվրամիության մոտեցումը կլինի փուլային, ընդառաջ քայլերը կլինեն Անկարայի քաղաքականության հետ փոխկապակցված», - «Ֆրանսպրես»-ին ասել է Բրյուսելի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, ընդգծելով՝ եթե Էրդողանը հրաժարվի համագործակցությունից, Բրյուսելը պատրաստ է ոչ միայն սառեցնել երկխոսությունը, այլև անցնել ցավոտ պատժամիջոցների։

Անկարան էլ իր հերթին է հայտարարում, որ մտադիր չէ «հեշտ հանձնվել»։ Ճիշտ է, վերջին շրջանում՝ թուրքական լիրայի սրընթաց անկման, տնտեսական դժվարությունների և Նահանգներում իշխանության եկած նոր վարչակազմի ֆոնին նախագահ Էրդողանը փոքր-ինչ մեղմել է դիրքորոշումը և անգամ բանակցություններ սկսել Հունաստանի հետ։ Գլխավոր խաղաքարտը՝ 4 միլիոն սիրիացի փախստականների ճակատագիրը, սակայն, շարունակում է մնալ Անկարայի ձեռքում՝ ստիպելով եվրոպացի առաջնորդներին աչք փակել բազմաթիվ բացթողումների վրա։

«Վերջին իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ Թուրքիայի դեպքում Եվրոպան պատրաստ է մի կողմ թողնել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հանուն աշխարհքաղաքական շահերի և միգրացիայի», - օրեր առաջ հայտարարել է միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Human Rights Watch-ը, ընդգծելով՝ Էրդողանը գնալով ավելի հանդուգն է դառնում, Եվրամիությունը՝ նույնչափ ընկրկում։

XS
SM
MD
LG