«Դաշնակիցների հանդեպ չեն անում այն, ինչ արել է Անկարան վերջին ամիսներին», - նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը France 5 հեռուստաընկերության եթերում։ Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, որ անհրաժեշտ է «հստակեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը»։
Ֆրանսիական ռադիոյի փոխանցմամբ` Մակրոնի հարցազրույցը մաս է կազմում France 5-ի հեղինակած «Եվրոպային մարտահրավեր նետող Էրդողան սուլթանը» վերտառությամբ փաստագրական ֆիլմին։ Հարցազրույցի ընթացքում ֆրանսիացի առաջնորդը հիշեցրել է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների մասին, որը Փարիզը միայն «խոսքերով չէ դատապարտել», այլ նաև ռազմանավեր ուղարկել։
«Ֆրանսիան միակ երկիրն էր, որը կանգնեց Հունաստանի և Կիպրոսի կողքին»,- ընդգծել է նախագահ Մակրոնը։ Եվրամիության առաջատար երկրի ղեկավարը միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել Էրդողանի նկատմամբ Եվրամիության «համերաշխության» կապակցությամբ․ «Մենք մեծ աշխատանք ենք կատարել համոզելու եվրոպացիներին ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու հարցում»,- պատմել է Էմանյուել Մակրոնը։