Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խոսնակը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։
Թուրքիան Եվրամիության անդամ երկրների ղեկավարների վերջին մի քանի գագաթնաժողովների գլխավոր թեմաներից է։ Անցած շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե դաշինքը կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում։
Տասնամյակներով Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիայի և դաշինքի միջև հարաբերությունների կտրուկ սրման պատճառը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Անկարայի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքներն են։ Եվրամիության անդամներ Հունաստանը և Կիպրոսը պնդում են, որ թուրքական հետազոտական նավերն ու դրանց ուղեկցող ռազմանավերը խախտել են իրենց ծովային սահմանները։