Մատչելիության հղումներ

Հայաստանը մոտենում է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկին. մահճակալներն արդեն չեն բավարարում


Հայաստանը մոտենում է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկին։ COVID-19-ի համար նախատեսված մահճակալներն արդեն չեն բավարարում. հոսպիտալացմանն այսօր կեսօրին շուրջ 300 հիվանդ էր սպասում։ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը պարզաբանում է՝ հերթը միայն մահճակալների պակասի հետևանք չէ, և այն նվազում է արդեն օրվա ավարտին։

«Լիքը նման տեխնիկական հանգամանքներ կան, բայց նաև մահճակալային ֆոնդի սահմանափակությունը, օրինակ, առավոտյան դուրսգրումներ պետք է արվեն, լավացումով քաղաքացիները գնան տուն, որ այդ մահճակալների վրա նոր քաղաքացիներ գան իրենց բուժումը ստանան, բայց մինչև դուրս են գրվում, մինչև մահճակալները նորից թարմացվում են և պատրաստ են նոր պացիենտ ընդունել, դա էլ է ժամանակ տանում: Սենց լիքը տեխնիկական խնդիրներ կան, որոնք ևս բերում են կարճաժամկետ կուտակումների», - ասաց փոխնախարարը:

Երրորդ ալիքին զուգահեռ նաև կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցների թիվն է օր օրի ավելանում, այս պահին դրանք 20-ն են՝ 11-ը Երևանում, 9-ը մարզերում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ 14 բժշկական հաստատություն էր սպասարկում քովիդով հիվանդներին։ Փոխնախարարն ասում է՝ մահճակալների թիվը հիմա 2171 է, ևս 300-ով ավելացնելու հնարավորություն ունեն, բայց ակնկալում են՝ բանը դրան չի հասնի։

«Վակցինան ենք ստացել երկու օր առաջ, վակցինացիայի ակտիվ ներդրման շնորհիվ շատ մեծ հույսեր ունենք, որ դրական արդյունք կստանանք և այդ կետին չենք գա, երբ որ մեր մահճակալային ֆոնդը չհասցնի սպասարկել առկա ստացիոնար բուժման կարիք ունեցող քաղաքացիներին», - հայտնեց Սիմոնյանը:

Հայաստանում անցած մեկ օրում իրականացված 4 հազար 658 թեստից կորոնավիրուս է հաստատվել 750 քաղաքացու մոտ, մահվան 21 դեպք է արձանագրվել։ Առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ թոքային օդափոխման սարքին 65 քաղաքացի է միացված։ ծայրահեղ ծանր վիճակում 228, իսկ ծանր վիճակում 913 հիվանդ կա։

«Բոլոր կենտրոնների մասնագետները միաբերան պնդում են, որ այս երրորդ ալիքի ժամանակ ընդհանուր համամասնության մեջ ծանր հիվանդների տոկոսն ավելացել է: Այսինքն ովքեր ավելի երկար են պառկում, ում մոտ ավելի ծանր ընթացք է ստանում, էդ կարող եմ ենթադրել նաև նոր շտամերով է պայմանավորված», - ասաց փոխնախարարը:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 499 մարդ։ Թե ինչպես են ազդում ընդդիմադիրների ու իշխանության ներկայացուցիչների մարդաշատ հավաքները կորոնավիրուսի դեպքերի վրա, Առողջապահության նախարարությունում խուսափում են հստակ գնահատակններ տալուց։

«Ամբողջ աշխարհում ունենք երրորդ ալիք, բայց թե հավաքների ու համաճարակաբանական թվերի աճի մեջ ինչպիսի կապ կա, ես այդպիսի պնդում չեմ կարող անել, որովհետև հիմա ամբողջ աշխարհում կա թվերի աճ ու մեր նախորդ՝ երկրորդ ու առաջին ալիքների թվերի աճի ժամանակ ինչ-որ քաղաքական գործընթացներ չեն եղել ու մեկը կապել մյուսով ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ», - նշեց Գևորգ Սիմոնյանը:

Հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը քովիդի թվերի ավելացումը միայն մարդաշատ հավաքներով չի պայմանավորում, նկատում է՝ նույն փակ տարածքներում՝ հանրային տրանսպորում, սուպերմարկետներում շատ են դեպքերը, երբ քաղաքացիները դիմակ չեն կրում։

«Երբ տեսնեք՝ երբ սկսեց բարձրանալ, դա տեղի ունեցավ այդ հավաքներից առաջ, հավաքների հետևանքները երևում են հավաքներից մոտ 2 շաբաթ հետո: Իհարկե, հավաքների ժամանակ նույնպես կա հավանականություն, եթե մարդիկ դիմակ չեն կրում և իրարից հեռավորություն չեն պահպանում», - ասաց Պետրոսյանը

Վարդուհի Պետրոսյանը քաղաքացիներին կրկին նույն հորդորով է դիմում՝ պետք է ավելի ուշադիր լինել և հետևել հակահամաճարակային կանոններին. գիտական հետազոտություններն են փաստում՝ կորոնավիրուսն ավելի երկարաժամկետ ազդեցություն ունի։

Քաղաքացիների մեծ մասը թուլացված հսկողության պայմաններում շարունակում է չհետևել հակահամաճարակային կանոններին, դիմակ ոչ բոլորն են կրում նույն հանրային տրանսպորտում։

Ի դեպ, Առողջապահության նախարարությունն այս շաբաթ կանխատեսում է ավելի քան 7 հազար նոր դեպք։

XS
SM
MD
LG