Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը մտահոգիչ է համարում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը


Կորոնավիրուսով վարակված շուրջ 797 մարդ այս պահին գտնվում է ծանր, 185-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 68 հոգի էլ թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված։

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ քովիդով հիվանդներին այս պահին սպասարկում է 14 բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 270 մահճակալից ազատ է ընդամենը երկուսը։

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակվածների օր-օրի ավելացող թիվը բավականին մտահոգիչ է համարում։ Հայտարարում են՝ առողջապահական համակարգն արդեն գերծանրաբեռնված է աշխատում։ Հերթում սպասող հիվանդներ կան, իրավիճակը օրեցօր ավելի է բարդանում։

Նախօրեին 1257 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել, միայն մեկ օրում 18 հոգի է մահացել, կորոնավիրուսով վարակված ևս 6 հոգի այլ հիվանդության պատճառով է մահացել։ Տանը և հիվանդանոցներում այս պահին բուժում է ստանում գրեթե 13 հազար 500 մարդ, երեկվանից թիվը ավելացել է մոտ 1000-ով։

Հանրային առողջության մասնագետները նկատում են, որ եթե զանգվածային պատվաստումներն արդեն մեկնարկած լինեին, իրավիճակը ավելի մեղմ կլիներ։

«Կարծում եմ, շատ կարևոր է, որ օր առաջ զանգվածային պատվաստումները Հայաստանում մեկնարկեն։ Իրոք, եթե մենք կարողանայինք դա մեկնարկել մեր այլ հարևանների հետ զուգահեռ, մենք արդեն կունենայինք բնակչության զգալի տոկոս, որը պատվաստվել է։ Հարևաններ ունենք, որ 3, 7, 8 տոկոսը արդեն իրենց բնակչության պատվաստել են,և էդ թիվը դինամիկ աճում է», - ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Հայաստանը, սակայն, դեռ շարունակում է պատվաստանյութ ձեռք բերելու բանակցությունները։

«Ողջ աշխարհում պատվաստման ակտիվ գործընթացներ են ընթանում, բայց Հայաստանում կարծես լճացած իրավիճակ է։ Ե՞րբ է Հայաստանի քաղաքացին կարողանալու պատվաստվել», - երեկ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղվեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Նախարարը կրկին ասաց՝ պատվաստանյութ ձեռք բերելու համար Հայաստանը մի քանի հարթակներում է գործընթաց ծավալում․ - «Այս պահին Կառավարությունը բավական ֆինանսական միջոցները հատկացրել է այս պրոցեսը, ընթացքը տանելու, և մենք ներկայումս COVAX հարթակի միջոցով ունենք նախնական պայմանավորվածություն և կնքված պայմանագիր, որի շրջանակներում պիտի ունենանք պատվաստանյութ։ Բացի դրանից, ունենք երկկողմանի համաձայնություն Ռուսաստանի Դաշնության հետ և էնտեղից ևս ակնկալում ենք առաջիկայում «Սպուտիկ Վի» պատվաստանյութի ներմուծում։ Եվ պիտի ամբողջ թափով պատվաստումները անցկացնենք»։

Հայաստանը դեռ նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը, որի նպատակն է բոլոր շահագրիռ պետություններին հավասար իրավունքներով հնարավորություն տալ շուկայում առկա պատվաստանյութ ունենալ։ Բացի ռուսական «Սպուտնիկ Վի»-ից ո՞ր պատվաստանյութը ձեռք կբերեն, առայժմ պարզ չէ։ Այժմ Հայաստանում միայն քովիդով հիվանդներին սպասարկող բուժաշխատողների շրջանում են պատվաստումներ անցկացնում։ Նախարարի խոսքով, մոտ 600 բուժաշխատող արդեն պատվաստվել է։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի փոխանցմամբ, Ռուսաստանի նվիրաբերած պատվաստանյութը նախատեսված է մոտ 1000 անձի համար։

Թե երբ կսկսվեն զանգվածային պատվաստումները, դեռևս հստակ ժամկետներ չեն նշում։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները փետրվարից ասում էին, թե պատվաստումները կսկսեն մարտի սկզբից, կկարողանան պատվաստել բնակչության մոտ 3 տոկոսին։

Սվետլանա Գրիգորյանն ասում է, թե մոտ ապագայում Հայաստանը պատվաստանյութի նոր խմբաքանակ կստանա, որը կհատկացվի պոլիկլինիկաներին, և ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները կպատվաստվեն։ Թե մոտ ապագան որքան ժամանակ է ենթադրում, սա էլ չի հստակեցվում։

«Ներկա փուլում պատվաստումների նպատակը հիվանդության ծանր դեպքերի և մահվան դեպքերի կանխարգելումն է», - նշում է Գրիգորյանը։

Առողջապահության նախարարությունից ահազանգում են, որ առաջիկայում Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ծանր իրավիճակ է սպասվում, սակայն իշխանությունը դեռևս չի քննարկում նոր սահմանափակումների գնալու հնարավորությունը։ Ավելին, եթե նախորդ շաբաթներին Կառավարության նիստերի ընթացքում մշտապես ներկայացվում էր կորոնավիրուսային իրավիճակը երկրում, այս այսօր այս հարցին ընդհանրապես անդրադարձ չեղավ։

XS
SM
MD
LG