Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ամեն դեպքում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին


 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան

Եթե անգամ իշխանությունը գնա Ընտրական օրենսգրքի փոփոխության և հանի վարկանիշային ցուցակները, «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի հունիսի 20 -ին նախատեսվող արտահերթ ընտրություններին, որոնց անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետի և խորհրդարանական ուժերի խմբակցությունների հետ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը։

«Այսօր մենք ունենք քաղաքացիների մոտավորապես 30 տոկոս, որոնք համակրում են Փաշինյանին։ Եվ դա աճելու տեղ չունի, դա միայն նվազելու միտում ունի։ Պայմանականորեն ունենք մեկ այլ բևեռ՝ Ռոբերտ Քոչարյանի, ենթադրենք, առաջնորդությամբ, որը, ենթադրենք, ունի մոտ 10 տոկոս, 15 տոկոս ձայն։ Մնացած 50 տոկոսին մոտ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության չեն ուզում ո՛չ վերադարձ նախկինին, ո՛չ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Էդ 50 տոկոսը պոտենցիալ «Լուսավոր Հայաստանի» ընտրողն է։ Էդ 50 տոկոսի ձայները ստանալուն է հավակնում «Լուսավոր Հայաստանը»։ Ինչ ընտրակարգով էլ լինի, «Լուսավոր Հայաստանը» գնում է հաղթելու», - ասում է Գորգիսյանը։

Չնայած ընտրությունների մասնակցության մասին որոշմանը, ԼՀԿ-ից շարունակում են պնդել, թե իշխանությունները պայմանավորվածություն են խախտել, երբ արտահերթ ընտրությունների մասին համատեղ որոշումից հետո հայտարարել են Ընտրական օրենսգիրքը և մասնավորպես, վարկանիշային ցուցակների մասին դրույթը փոփոխելու մասին։

Այս չորեքշաբթի Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հակադարձեց ընդդիադիրներին. – «Հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը»։

«Վարչապետը իր սովորույթի համաձայն փորձում է փաստերը խեղաթյուրել։ Պայմանավորվածություն Ընտրական օրենսգրքի մասով չի եղել։ Վարչապետը հերթական անգամ խեղաթյուրեց իրողությունները», - այսօր ասաց Գորգիսյանը։

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը այսօր վերահաստատեց, որ իրենց քաղաքական ուժի համար միևնույն է Ընտրական օրենսգրքի ինչ դրույթներով կանցկացվեն ընտրությունները։ Բայց թե ինչ խոսակցություն ու պայմանավորվածություն է եղել Փաշինյանի ու Ծառուկյանի միջև, Զոհրաբյանը խուսափեց պատասխանել. – «Ես չգիտեմ, տեղյակ չեմ, թե Նիկոլ Փաշինյանը Գևորգ Գորգիսյանի կամ Էդմոն Մարուքյանի հետ ինչ է քննարկել։ Ես ներկայացրեցի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը․ մեզ համար կարևոր է, որպեսզի ընտրություններում վարչական ռեսուրս չկիրառվի։ Հիմա դուք ուզում եք ստանալ այն, ինչ դուք ուզում եք, ես ասելու եմ այն, ինչը «Բարգավաճ Հայաստանի» համար կարևոր է»։

«Իմ քայլից» ասում են, որ քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ շարունակվում են, և վերջնական որոշում չկա արտահերթ ընտրությունների գնալ նո՞ր Ընտրական օրենսգրքով, թե՞ պարզապես փոխել տարածքային թեկնածուների ցուցակների մասին դրույթը և թողնել միայն պարզ համամասնական համակարգը, երբ քաղաքացին ընտրություն կկատարի միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև։

«Մենք շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը և մի շարք փոփոխություններ, որոնք ըստ էության բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, բերելու են ավելի ազատականացմանը, որի հանձնառությունը մենք ստանձնել ենք և իհարկե պատրաստակամ ենք այդ հանձնառությունը իրականացնելու։ Թե կոնկրետ ժամկետների մասով ինչպես կլինի, ես առաջարկում եմ, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, այդ քննարկումները շարունակենք, և ավարտին արդեն դուք կիմանաք պատշաճ կերպով, և մեր հանրությունը կտեղեկացվի», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

XS
SM
MD
LG