Մատչելիության հղումներ

Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան


Գրեթե մեկ ամիս երթևեկության համար փակ Բաղրամյան պողոտան այսօրվանից կբացվի։ Հայրենիքի փրկության շարժումը այս մասին տեղեկացրեց տարածած հաղորդագրության միջոցով։

«Ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ: Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը», - ասված է տարածված հաղորդագրությունում:

Շարժման առաջիկա անելիքների մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը․ - «Դեռ Դեմիրճյանը մնում է փակ, էնտեղ դառնում է մեր կենտրոնական շտաբը։ Նաև սկսվում են մարզային այցելություններ, այժմ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»։

Հաղորդագրությունը տարածելուց մեկ ժամ անց էլ Բաղրամյան պողոտան երկու կողմից շարունակում էր փակ մնալ ոստիկանական մեկքենաներով, սակայն մեքենաների մուտքը արգելված չէր, շատ մեքենաներ, շրջանցելով ոստիկանական մեքենաները, երթևեկում էին պողոտայով։

Վրանները դեռ իրենց տեղում էին, իսկ Բաղրամյան պողոտայում գտնվող փոքրաթիվ ցուցարարները դեռ տեղյակ չէին շարժման խորհրդի որոշումից։

«Թեկուզ ասենք բացում ենք, դրանով հո չի՞ նշանակում մեր շարժումը մենք փակում ենք։ Մեր շարժումը մենք չենք փակելու, մինչև դավաճանը հրաժարական չտա», - ասաց ցուցարարներից մի կին։

Թեպետ շատերը դեռ տեղյակ չէին, բայց տեղահանված վառարանը, հավաքվող փոքրիկ վրաններն ու տեղափոխվող այլ իրերը հուշեցին, որ լուրերը կամաց-կամաց տեղ են հասնում։

«Առաջիկա ժամերի ընթացքում պետք է պատրաստվեն, որովհետև տեղափոխվելու են Դեմիրճյանի վրա։ Կարծում եմ, ժամը 7-ից հետո», - նշեց Սաղաթելյանը։

Շարժման խորհուրդը նաև հայտարարում է, որ մարտի 28-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ կխոսեն իրենց առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին։

Վարչապետի հրաժարական, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակակավոր կառավարության ձևավորում ու միայն դրանից հետո ընտրությունների անցկացում պահանջող մեկ տասնկայից ավելի քաղաքական ուժեր միավորող շարժումը չի հստակեցրել, թե արդյոք մասնակցելու են Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհդարանական ընտրություններին։

Շարժման անդամներից ընտրություններին մասնակցելու որոշում ունեն Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները։

Շաբաթ օրը Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացրել էր, թե շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակները։

XS
SM
MD
LG