1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը ոչ միայն Արցախի և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսևորում են, այլև հանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ։
Նախարարությունը նշել է, որ101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը:
«Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը», - ասված է հայտարարությունում։
Արցախի արտաքին գերատեսչության համոզմամբ, այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որն Արբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար:
Նախարարությունը ընդգծել է, որ նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով և կոտորածներով:
«Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին», - նշել է նախարարությունը՝ հայտնելով՝ արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։
«Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»,- հայտնել է Արցախի արտաքին գերատեսչությունը։