Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար


Ռուսաստանցի խաղաղապահները Բերձորում (Լաչին), 1-ը դեկտեմբերի, 2020թ․
Ռուսաստանցի խաղաղապահները Բերձորում (Լաչին), 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը մնում է պահանջված։

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը», - ասել է Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտոգործնախարարների այսօր կայացած հեռավար նիստին։

Ղարաբաղյան խնդրին հինգշաբթի օրն անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան մասնավորապես ասել է, որ գերիների փոխանակման հարցով այսօր զբաղվում են ռուս խաղաղապահները։

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հեռախոսազրույցի մանրամասները չեն հրապարակվում, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած կարճ հաղորդագրությունում նշված է՝ քննարկվել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, և սա նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի առաջին արտասահմանյան այցն է լինելու։

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար։ Գրեթե ամեն օր ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարություններ են անում ղարաբաղյան թեմայով, իսկ դաշնային հեռուստաընկերություններն ու մամուլն ակտիվորեն անդրադառնում են հետպատերազմական իրավիճակին և ռուս խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում։

Կան որոշ հարցեր, սակայն, որոնց շուրջ պաշտոնական Մոսկվան գերադասում է մեկնաբանություններ դեռ չանել։ Մասնավորապես՝ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող միջանցք ստեղծել Հայաստանի տարածքով, և որ այս գաղափարը դրական են ընդունել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլը Ալիևի այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ եռակողմ համաձայնագրում Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք չկա, նշված է միայն տրանսպորտային ուղիների կառուցման մասին, այն էլ՝ կողմերի համաձայնությամբ։

Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները պարբերաբար ցուցադրում են ռեպորտաժներ, որոնք պատմում են ռուս խաղաղապահների գործունեության մասին, ցուցադրում են, թե ինչպես են վերադառնում հայ փախստականները Ղարաբաղ, և ադրբեջանցիները՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ։ Ինչպես և պատերազմի օրերին, այսօր էլ ռուսական դաշնային հեռուստաընկերությունները Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ իրավիճակը լուսաբանելիս պահպանում են հավասարակշռություն՝ ընդգծելով, որ հրադադարը հնարավոր է դարձել Պուտինի միջամտությունից հետո միայն, և որ այսօր Ղարաբաղում խաղաղությունը վերահսկում են ռուս խաղաղապահները։

Հավելենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում անցնելու է զորահանդես, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թե Ռուսաստանի իշխանություններից ով ներկա կլինի այդ զորահանդեսին, այս պահին դեռ հայտնի չէ։

Հետաքրքիր է նաև, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները Հաղթանակի օր էին հռչակել նոյեմբերի 10-ը՝ եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, սակայն այսօր փոխել են այն և դարձրել նոյեմբերի 8-ը՝ Շուշիի գրավման օրը։ Բացի այդ, նոյեմբերի 10-ը Թուրքիայում հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հիշատակի օրն է, և նաև այդ պատճառով են Ադրբեջանի իշանությունները որոշել փոխել Հաղթանակի օրը։

Ադրբեջանցիների հաղթանակի գրավականը հետախուզության միջոցներն էին․ ռուս փորձագետ

Ռուսական մամուլն ակտիվորեն անդրադառնում է նաև նոյեմբերի 10-ին ավարտված ռազմական գործողություններին, վերլուծում դրանք։ RBC-ն այսօր, մասնավորապես, մանրամասն ուսումնասիրել է պատերազմի ընթացքը, ադրբեջանական և հայկական բանակների ներուժը մինչև պատերազմը։

Փորձագետ Վասիլի Կաշինը, օրինակ, համարում է, որ թեև ադրբեջանցիները մինչև պատերազմը ավելի շատ զինվոր ու սպառազինություն ունեին, այդ առավելությունն այնպիսին չէր, որ կարելի լիներ միանշանակ ասել պատերազմից առաջ, թե ով է հաղթելու։ Ադրբեջանական բանակի հաղթանակի գրավականը, ռուսաստանցի փորձագետի խոսքով, նույնիսկ թուրքական անօդաչու թռչող սարքերը չէին, այլ՝ հետախուզության միջոցները․ - «Դուք կարող եք հավասարություն ունենալ հրետանու միավորների քանակի, ցամաքային ծանր տեխնիկայի, տանկերի առումով, բայց ներուժը որոշվում է ոչ թե դրանց քանակով, այլ հետախուզության արդյունավետությամբ»։

Այս պատերազմում Bayraktar-ի նման հարվածային անօդաչուների դերը խիստ չափազանցվում է, վստահ է Կաշինը, քանի որ կորուստներ պատճառող հիմնական միջոցը եղել է հրետանին, որին օգնել է հետախուզությունը: «Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանի առաջատարն է, ադրբեջանցիները դրանից հավանաբար վախեցել են և հսկայական աշխատանք են կատարել սոցցանցերի հետ: Իսկ հայերն ակնհայտորեն շատ թույլ էին պատկերացնում ադրբեջանական ռազմական օբյեկտների դիրքը։ Դա երևում է, քանի որ նույնիսկ այն ծանր զենքերը, որոնք նրանք ունեին, մասամբ են կիրառել և ոչ այնքան արդյունավետ», - նշում է փորձագետը։

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ հայկական ուժերը քիչ արդյունավետ են գործել նաև հակաօդային պաշտպանության ոլորտում։

XS
SM
MD
LG