Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հայտնում է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են


Շուշիի համար մարտերը շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում մոտ մեկ ժամ առաջ գրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էր հայտնել, թե Արցախի մեծությամբ երկրորդ քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։

«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», - իր էջում գրել էր Վահրամ Պողոսյանը։

Արցախի նախագահի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր իր գրառումը, նաև հավաստիացրել, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։

Շուշիի գրավման մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում, սակայն հայկական կողմը պնդում էր, որ քաղաքը կողմերից որևէ մեկի լիարժեք վերահսկողության տակ չէ, մարտերն այնտեղ շարունակվում են։

Իր գրառման մեջ Արցախի նախագահի մամուլի նաև քարտուղարը հայտնել էր՝ այժմ մայրաքաղաք Ստեփանակերտն է վտանգված։ Շուշին ռազմավարական մեծ նշանակություն ունի, ղարաբաղյան առաջին պատերազմում Ադրբեջանը հենց Շուշիից էր թիրախի տակ պահում մայրաքաղաքը, մինչև որ 92 թվականին հայկական կողմը ազատագրեց քաղաքը։

Ղարաբաղի նախագահի խոսնակը իր գրառումը այսպես է եզրափակել. «Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչև վերջ»։

Խոսնակի գրառումից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրեց, թե ռազմական գործողությունները արցախյան ամբողջ ճակատով շարունակվում են, իսկ համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը։

«Մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի», - գրել է Հարությունյանը՝ առանց հիշատակելու Շուշին։

Այսօր առավոտյան Հարությունյանը կրկի՛ն Ֆեյսբուքում գրել էր Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ հարվածների մասին։ Նա տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր՝ «ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։

Իսկ ահա Արցախի պաշտպանության բանակը առավոտյան հայտնել էր գիշերը Շուշի- Քարին տակ հատվածում ընթացած ինտենսիվ մարտերի մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կեսօրին մանրամասնել էր, որ Շուշիի անմիջական մատույցներում գտնվող Քարին տակի ուղղությամբ հայտնաբերված ադրբեջանական խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվել է։ Մեկ այլ գրառմամբ էլ Հովհաննիսյանն տեղեկացրել էր, որ Մարտունու, Մարտակերտի և Թաղավարդի և այլ ուղղություններում ադրբեջանական ուժերի հարձակման փորձերը տապալվել են։

Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում է նաև Արցախի բնակավայրերի թիրախավորումը, այսօր կրկին կրակի տակ է եղել մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ քաղաքը՝ հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ազատությանը» ցերեկը Ստեփանակերտից հեռախոսով փոխանցել էր՝ մայրաքաղաքը հրթիռակոծվում է անդադար. «Սա իրականությունն է, մենք էլ դիմադրում ենք, այստեղ ենք» :

Այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել էր պատերազմում զոհված ևս 44 զինվորականների անուններ. հայկական կողմը ռազմական գործողությունների 44-րդ օրը պաշտոնապես հայտնել է 1216 զոհի մասին։ Ադրբեջանական կողմը, մինչդեռ, իր մարդկային կորուստների մասին չի բարձրաձայնում՝ պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG