Մատչելիության հղումներ

«Կարևորը ծրագիրն է, ոչ թե այս կամ այն անձը»․ «Սասնա Ծռերի» նախաձեռնած ԱԺԲ-ն այցելել է Շիրակի մարզ


«Սասնա ծռեր» կուսակցությանը և այլ ուժերի միավորող «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը կողմ է արտահերթ ընտրություններին, բայց ոչ այս պահին ու ոչ այս իշխանությունների օրոք։

Նման հայտարարությամբ այսօր նախաձեռնության անդամները հանդես եկան Շիրակ մարզ կատարած այցի ընթացքում. «Մենք ասում ենք, որ, այո, Հայաստանին անհրաժեշտ է անցումային կառավարում և առանց դրա հնարավոր չէ: Ինչպես հնարավոր չէ գետն անցնել առանց կամուրջ կառուցելու կամ անդունդի վրայով անցնել առանց կամուրջ կառուցելու, այնպես էլ մեր այս աղետալի վիճակից դեպի զարգացում, դեպի ազգային պետություն, դեպի ինքնիշխանություն, դեպի բարեկեցիկ կյանք, դեպի արդարություն, դեպի իրավունքի գերակայություն հնարավոր չէ անցնել առանց անցումային արդարադատության»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախաձեռնությունն իր օրակարգն ունի՝ ընտրել անցումային կառավարություն, որը 1,5 տարվա ընթացքում կոշտ քաղաքականություն է վարելու ու մի շարք հիմնարար օրենքներում փոփոխություններ անելուց հետո նոր արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և կյանքի հիմնական ոլորտներում՝ առաջին հերթին անվտանգային-պաշտպանական ոլորտում հիմնարար փոփոխություններ, արմատական փոփոխություններ, միանգամայն նոր որակի առաջին հերթին պաշտպանական համակարգի ձևավորում, ազգ, բանակի ձևավորում, ազգովի բանակ դառնալու, երկիրն ամրոցի վերածելու առաջնահերթ միջոցառումներ, ապա 1,5 տարի հետ արդեն այս ամենն անելուց հետո նոր Սահմանադրության, նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա արտահերթ ընտրությունների կազմակերպում, որոնք, բնականաբար, պետք է տեղի ունենան առանց նախկին և ներկա սրիկաների», - ասաց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Թե ով է լինելու «Ազգային ժողովրդավարական բևեռի» անցումային կառավարության իրենց ղեկավարը այս պահին հստակ պատասխան չունեն: Վարուժան Ավետիսյանն ասաց՝ անձերով չպետք է պայմանավորել, այլ՝ իրավիճակով. «Այդ առաջին մարդը, ըստ էության, պետք է որոշվի տվյալ իրավիճակով, այսինքն՝ ինչպիսի իրավիճակում է առաջանում այդ անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ պահի թելադրանքով, թե կյանքի որ բաղադրիչն է գերակա, ըստ այդմ էլ պետք է որոշվի, թե կոնկրետ ով այդ քաղաքական համախմբումից կդառնա առաջին դեմքը»:

Մարալիկում ապա Գյումրիում նախաձեռնության անդամները ներկայացրին ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց տեսլականը: Ոչ են ասում թե՛ նախկինններին, թե՛ ներկաներին, հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը. «Հայաստանը պետք է մերժի և՛ նախկիններին, և՛ ներկաներին, որովհետև երկուսն էլ նույն համակարգի ծառաներն են, նրանք պայքարում են իրար դեմ, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, մենք պայքարում ենք այս առկա հակապետական, հակահայկական, հակամարդկային անարդար համակարգը մարդկային, հայկական, ազգային արդար, իրավական ժողովրդավարական համակարգով փոխարինելու համար»:

«Ազգային ժողովրդավարական բևեռը» դեռ չի որոշել, թե ինչ դիրքորոշում ունի վարչապետի հայտարարած այն գաղափարի վերաբերյալ, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություններով վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք փորձել են երկխոսել իշխանությունների հետ, սակայն անարձագանք է մնացել:

Փողոցային պայքարը ազգային բևեռը սկսել է փետրվարի 26-ից: Այս իրավիճակը հնարավորություն է տալիս ստեղծելու ազգային պետություն, կարծում է Սեֆիլյանը. «Ես կարծում եմ, որ այսօր մեր երկրում այն վիճակն է, և մեր նման ուժին վստահաբար կարող եմ ասել, որ հաջողվելու է այս անգամ վերջապես հասնել իր նպատակին: Սակայն մենք ուզում ենք այդ հաջողությանը հասնել քայլ առ քայլ, երկխոսությամբ, առնվազն այս շաբաթներին, ամիսներին առանց չարչարելու մեր ժողովրդին: Սակայն գործող «էլիտան» այդպես էլ չհասկացավ մեզ: Նոյեմբերի 9-ից հետո ռևանշիստները օրը մեջ երազում են վերադառնալու նորից իրենց կորցրած կառավարման ղեկին, ներկաները չգտակցելով կորուստի մեծությունը, աղետի չափը, շարունակում են աթոռապաշտական իշխանապաշտական հիվանդագին մոլուցքը»:

Մարտի 16-ին նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել մեծ հանրահավաք: Օրվա ընտրությունը պատահական չէ: 100 տարի առաջ այդ օրը ստորագրվել է ռուս-թուրքական հերթական պայմանագիրը: Տարածաշրջանում տիրող իրավիճակին ևս գնահատական տրվեց: Հայաստանը այս պահին ռուս-թուրքական փակուղու առաջ է, որն, ըստ Վարուժան Ավետիսյանի, շատ հեշտ հնարավոր է կոտրել ռազմավարական այլ գործընկերներ գտնելով:

«Կան հզոր տերություններ, որոնք ունեն մեզ հետ ռազմավարական համընկնող շահեր, առաջին հերթին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, մենք տեսնում ենք Հնդկաստանի շատ լուրջ հետաքրքրությունը մեր նկատմամբ, Չինաստանի հետ լուրջ համագործակցության հնարավորություններ ունենք, մեր հարևան Իրանին չմոռանաք, որի հետ ևս ռազմական համագործակցության լայն հեռանկարներ կբացվեն, եթե մենք ռուս-թուրքական փակուղուց դուրս գանք», - նշեց Ավետիսյանը:

Սեֆիլյանն ընդգծեց՝ նախաձեռնությունը շարունակելու է փողոցային պայքարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG