Մատչելիության հղումներ

Եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, հայաստանցիների 42 տոկոսը չի մասնակցի քվեարկությանը․ ՄՀԻ


Եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, բնակչության 33 տոկոսը կընտրի իշխող «Իմ քայլը» խմբակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2 տոկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկի։

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռեր»-ի ու Հայրենքի փրկության շարժման օգտին կքվեարկի ընտրողների շուրջ մեկական տոկոսը։

Սրանք Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցման տվյալներն են։ Հարցվածների զգալի մասը՝ 42 տոկոսը, ասել է, որ չի ուզում քվեարկել ոչ մի ուժի օգտին։

Վարուժան Հոկտանյան
Վարուժան Հոկտանյան

Ընտրությունները դիտարկող «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը հարցվածների 42 տոկոսի դիրքորոշումը բացատրում է նաև հետպատերազմյան հուսահատ տրամադրությամբ, իշխանությունից հիսասթափությամբ, այլընտրանքային ուժերի բացակայությամբ, ներկաների ու նախորդների անվերջ հակասություններով։

«Առաջ ապատիան է։ Երրորդ ուժի բացակայությունը, որը մի քիչ տարբեր երևույթ է, քան ապատիան։ Եվ կա երրորդ բացատրությունը․ իհարկե ասում են, որ անանուն հարցում է և այլն, բայց շատերը նաև վախենում են։ Եթե նայում ենք 33 տոկոսը 100 տոկոսի որ մասն է, 67 տոկոսի մոտ կա հիասթափություն», - հավելեց Հոկտանյանը։

2018-ի ընտրություններին իշխող «Իմ քայլը» ստացել էր ընտրողների 70 տոկոսից ավելին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը՝ 8,26 տոկոս։

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներին, որ եթե ընտրություններն այս կիրակի լինեին, իրենց քաղաքական ուժի օգտին մեկ տոկոսից էլ քիչ մարդ կքվեարկի, ասաց, որ իրենք չեն հաշվել, թե քանի տոկոս ունեն, որ պահանջեն արտահերթ ընտրություններ։

«Պարզապես այլ ելք չկա, երկիրը պետք է ընկնի զարգացման ռելսերի վրա»,- ասում է Սամսոնյանը։

Անի Սամսոնյան
Անի Սամսոնյան

Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը նաև նշում է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, իրենք մասնակցելու են՝ իշխանությունը վերցնելու նպատակով․ - «Եթե հանգել ենք նրան, որ արտահերթ ընտրությունները պիտի լինեն, դա որևէ կերպ չի քննարկվել, թե մենք քանի տոկոս կունենանք, կուզենք արտահերթ, թե չուզենք։ Միգուցե իշխանությա՞ն հաշվարկներում է դա, որ չի կարող մեծամասնություն հավաքել, դառնալ իշխանություն, որ չի գնում արտահերթ ընտրությունների։ Բայց մեր հաշվարկներում նման բան չկա։ Եթե ես ինքս իմանամ, որ մյուս խորհրդարանում պատգամավոր չեմ լինի, դա ինձ համար որևէ նշանակություն չունի։ Կարևորը, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև ինձ էլ այսօր որպես պատգամավոր հաճելի չէ աշխատել մի երկրում, որը անընդհատ ցնցվում է։ Ի վերջո ի՞նչն ենք մենք ավելի շատ գնահատում՝ պետությո՞ւնը, որտեղ մենք ապրում ենք, թե՞ ամեն մեկս մեր շահն ու մեր սայլը առաջ քաշենք և նստենք տոկոսներ հաշվենք»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի կարծիքով, գուցե այդ 42 տոկոսն հօգուտ իշխանության կրճատվի նաև վարչական լծակների հնարավոր կիրառմամբ։ Հոկտանյանի խոսքով, պետք չէ բացառել նաև ընտրություններին մասնացկող բոլոր կամ մի քանի կուսակցությունների կողմից ընտրակաշառք բաժանելու տարբերակը։

Իշխող «Իմ քայլից» ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մտահոգում են հարցման այս թվերը։ Նա ընդունում է, որ թերացումներ ունեն, մարդիկ հիասթափվել են իշխանությունից։ «Բայց դա նաև հետպատերազմյան տրամադրություն է»,- ասաց Սիմոնյանը։

Նա չի բացառում, որ ընտրությունների ընթացքում իրավիճակն իսկապես իրենց օգտին բարելավվի, բայց ընդգծում է, որ իրենք երբեք կաշառք չեն բաժանի ու վարչական լծակ չեն կիրառի։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Սիմոնյանը ծիծաղելի է որակում այն պնդումները, թե հենց վարչական ռեսուրսի կիրառմամբ մարտի 1-ին վարչապետը Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացրեց․ - «Մարտի 1-ին եթե կարելի է, օրինակ, ասել, որ ինչ-որ մարդկանց բերել են լծակներ կիրառելով, ծիծաղելի է հնչում, որ ասեն՝ էդ մարդկանց հերթով ստիպել են, որ իրենք բղավեն «Նիկոլ վարչապետ», որ իրենք հրապարակում մնան։ Նույն հարցումների համապատասխան, երկրորդ տեղը գրավող ուժը ընդամենը 3 տոկոս ձայն ունի։ Չենք մոռանում կայուն մեծամասնության սկզբունքը, որը մեր օրենքով նախատեսված է, և չենք մոռանում ամենակարևորը՝ քարոզարշավը, որը դեռ տեղի չի ունեցել։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք հրաժարվել են պատասխանել կամ ասել են, որ որևէ մեկին չենք քվեարկելու, քարոզարշավից հետո իրենց որոշումը կփոխեն։ Քարոզարշավի ընթացքում խոսվելու է մեր բացթողումների, սխալների մասին, ամենակարևորը՝ պետք է խոսենք ապագայի մասին»։

Ի դեպ, եթե 2018-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներով 60 տոկոսն նշել էր, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ, 3 տարի անց այդ թիվը գրեթե կեսով նվազել է՝ այժմ 31 տոկոսն է այդ կարծիքին։ Նախագահի ինստիտուտի աշխատանքից գոհ է հարցվածների 10 տոկոսը, իսկ 40 տոկոսը՝ շատ անբարենպաստ է այն գնահատել։ 2018-ին սակայն հարցվածների 81 տոկոսն է գոհ է եղել։

Այս տարվա հարցումներով վարչապետի գրասենյակի աշխատանքից գոհ է հարցվածների 29 տոկոսը, այնինչ 2018-ին այս թիվը 72 տոկոս էր։

Վերջին հարցման տվյալներով, մարդիկ առավել գոհ են Մարդու մարդու իրավունքների պաշպանի ինստիտուտից ու Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից՝ 30-ական տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG