Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանը անցկացնում է լայնածավալ զորավարժություններ 


Զորավարժություններ «Ալագյազ» հրաձգարանում, արխիվ։
Զորավարժություններ «Ալագյազ» հրաձգարանում, արխիվ։

Վաղը մեկնարկելիք լայնածավալ զորավարժություններով Հայաստանը նպատակ ունի ստուգել իր պաշտպանունակությունը, այսօր Ազգային ժողոբում լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամն է Հայաստանը անցկացնում լայնածավալ զորավարություններ։ Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժություններ անցկացվելու են Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում։

«Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը․ դա անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է։ Կարող եմ նշել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը», - ասաց փոխնախարար Սարգսյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, մինչև մարտի 20-ը շարունակվելիք զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները։ Անցկացվելու են մարտական հրաձգություններ, ընդգրկվելու են շուրջ 7,5 հազար զինծառայողներ, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ, ներգրավվելու են օդային հարձակման միջոցներ:

Հաղորդագրությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք խոսք է գնում նաև անօդաչու թռչող հարվածային սարքերի մասին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախորդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեյսբուքի ու Թվիթերի իր էջերում հրապարակեց հայաստանյան արտադրության հարվածային ԱԹՍ-ի փորձարկման տեսանյութեր, որը, ըստ նախարարի, կարող է գործել մինչև 500 կիլոմետր հեռավորությամբ և կրել մինչև 12 կիլոգրամ պայթուցիկ։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, նախորդ մեկ տարվա ընթացքում սա ամենալայնածավալ զորավարժություններն են, որ Հայաստանն անցկացնում է․ - «Տեխնիկայի նման ընդգրկումը առաջին հերթին խոսում է նրա մասին, որ իսկապես անցկացվում է լուրջ տակտիկական-մարտավարական զորավարժություն, որի նպատակը ոչ միայն ըստ էության զորավարժությունն է, այլ նաև ուժի ցուցադրումն է։ Այսինքն՝ սա յուրահատուկ մեսիջ է, որ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերը արագ ոտքի են կանգնել և վերականգնել են իրենց ներուժը»։

Զուգահեռաբար այսօր Ադրբեջանում մեկնարկել են քառօրյա լայնածավալ զորավարժություններ՝ մոտ հարյուր միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։

РИА Новости-ին այսօր հաղորդել է, որ այդ զորավարժություններին մասնակցում են մոտ տասը հազար զինծառայողներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունից լրատվական գործակալությանը փոխանցել են, թե տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից ադրբեջանական զորավարժությունները ռիսկային չեն համարում, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, հայաստանյան զորավարժությունները նախևառաջ կրում են քաղաքական ուղերձ, այն է՝ որ Հայաստանը ձեռնամուխ է եղել իր ռազմական կարողության արագ վերականգնմանը, որը պետք է իր նշանակությունը վերագտնի տարածաշրջանային զարգացումներում․ - «Այն, որ հայտնի ելքով պատերազմից հետո ընդամենը չորս ամիս անց Հայաստանում տեղի են ունենաում լայնածավալ մարտավարական զորավարժություններ, արդեն իսկ մեծագույն իրադարձություն է Հայաստանի անվտանգության ամրապնդման ճանապարհին»։

XS
SM
MD
LG