Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Պակիստանը խորացնում են ռազմական համագործակցությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պակիստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Նադիմ Ռազայի (աջից) հանդիպումը Բաքվում, 3-ը մարտի, 2021թ․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պակիստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Նադիմ Ռազայի (աջից) հանդիպումը Բաքվում, 3-ը մարտի, 2021թ․

Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ռազմական ոլորտում նոր դաշնակցի հետ Ալիևի վարչակազմի համագործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, երեկ հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը՝ Բաքվում հյուրընկալելով Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությանը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ և շեշտել, որ այդ հաղթանակը տոնել են նաև Պակիստանում։

«Մեր երկրների միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Պակիստանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, պաշտոնապես չի ճանաչել Հայաստանը ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով», - իր հերթին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, Ադրբեջանում ծանոթ են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքին, ստացել են և ցանկանում են շարունակել այդ գործընթացը։ «Այժմ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակն է», - հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Վերջերս Բաքվի պետական համալսարանում ադրբեջանցի ուսանողների համար բացվել է Պակիստանի պետական լեզվի՝ ուրդուի ուսուցման կենտրոն, Պակիստանում Ադրբեջանի կառավարությունը գործարկել է լրատվական կայք, մահմեդական երկու երկրները սերտորեն համագործակցում են հատկապես միջազգային կառույցներում, Իսլամաբադը պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Բաքուն ի պատասխան՝ Իսլամաբադի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։

Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։ Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

Մարդու իրավունքների ոտնահարման առումով աշխարհի վատթարագույն երկրներից համարվող Ադրբեջանը դաշնակցին, կամ ադրբեջանական մամուլի բնորոշմամբ՝ իր նոր ավագ եղբորը հավատարմությունը ցուցադրելու նպատակով անցած տարի ընդհուպ հրապարակավ դատապարտել է Հնդկաստանի կողմից Քաշմիրում մարդու իրավունքների խախտումները։

XS
SM
MD
LG